մեջ։ Հենց այդ պատճառով է որ մենք կարող ենք տեսնել աստղերը և ռադիոկապ հաստատել ու պահպանել դեպի հեռավոր մոլորակներ թռչող տիեզերանավերի հետ:
«Ալմաստե գահ»
Եթե երբևէ այցելեք Կրեմլի Զինապալատ, թանգարանային բազմաթիվ ցուցանմուշների մեջ ձեր ուշադրությունը կգրավի թագավորական մի շքեղ գահ, որի մասին թանգարանի աշխատակիցը կպատմի հետևյալը։
Մեզանից շատ առաջ, 1660 թ. առևտրական նպատակներով Սպահանից Մոսկվա է գալիս Զաքար Սահրատյան անունով մի հայ վաճառական։ Սահրատյանը ռուսական ցար Ալեքսեյ Միխայլովիչին բերել էր մի թանկագին նվեր, որ պատրաստել էին Ջուղայի հայ արհեստավորները։ Գահը պատրաստված էր սոսու և հաճարենու փայտից պատված սև թավիշով, կարմիր մետաքսով ու դեղին կերպասով, ընդելուզված տարբեր չափի 897 ալմաստներով, 1298 մարգարիտներով, մեղեսիկ, շափյուղա տպազիոն, հակինթ կոչվող թանկագին քարերով 1830 նիշապուրի փիրուզով ոսկով և արծաթով։ Ուրախացած այդ նվերով Ալեքսեյ Միխայլովիչ ցարը Զաքար Սահրատյանին խնդրում է, որ վերադառնալուց հետո նա Մոսկվա ուղարկի հայ ոսկերիչների և արծաթագործների թանկագին քարեր հղկողների ու նկարիչների։ 1667 թ. Մոսկվա է մեկնում հայ նկարիչ Բոգդան Սալթանովը։ Ցարը նրան դարձնում է պալատական նկարիչ, որը պալատական շենքերն ու տաճարները պատեց բազմաթիվ հոյակապ որմնանկարներով:
Ալյումին
1855 թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ընդհանուրի ուշադրությունն էին գրավում 12 փոքրիկ չորսուներ, որ պատրաստված էին արծաթավուն-սպիտակ մետաղից։ Այդ մետաղը փափուկ էր դյուրահալ նման էր արծաթին, բայց շատ ավելի թեթև էր։ Ամենազարմանալին այն էր, որ ինչպես պարզվեց, այն պարունակվում էր նույնիսկ, սովորական կավի մեջ, որից վաղուց ի վեր աղյուս էին պատրաստում։ Ամենից հաճախ հանդիպող ապարներում գրանիտի և բազալտի մեջ, նույնպես կար այդ մետաղից, որն այդ ժամանակ անվանում էին կավի արծաթ։ Բնության մեջ իր տարածվածությամբ այն զիջում էր միայն թթվածնին և սիլիցիումին։ Այդ մետաղն այժմ բոլորին լավ հայտնի ալյումինն էր։
Ալյումինն այն ժամանակ այնքան թանկ արժեր (ոսկուց շատ քիչ էր էժան), որ օգտագործում էին միայն զարդարանքներ պատրաստելու համար։ Հումքից բոքսիտից ալյումին ստանալը չափազանց դժվար էր, որովհետև շատ էլեկտրաէներգիա էր պահանջվում։ Իսկ էլեկտրակայաններ դեռևս չկային:
Զուր չէ, որ ալյումինն անվանում են 20 րդ դարի մետաղ։ Առանց նրա չէին լինի ժամանակակից տեխնիկայի ամենահրաշալի նվաճումները։ Ալյումինը և նրա համաձուլվածքներն օգտագործում են ինքնաթիռներ, ստորջրյա թևերով նավեր, Երկրի արհեստական արբանյակներ կառուցելու ժամանակ։ Ցանկացած ռադիոընդունիչի կամ հեռուստացույցի ներսում կան ալյումինե դետալներ։ Ալյումինից պատրաստում են էլեկտրահաղորդալարեր խոհանոցի ամանեղեն «արծաթե