է ծովի մակերևույթից 4500 մ բարձրության վրա։ Դա աշխարհի «ամենաբարձր» մայրաքաղաքն է:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ (ԱՄՆ)
Ամերիկայի Միացյալ Նահանգները Արևմտյան կիսագնդի խոշոր երկրներից է: Նրա գրեթե ողջ տարածքը գտնվում է hյուսիսային Ամերիկայում։ ԱՄՆ֊ի արևելյան ափերը ողողում են Ատլանտյան, իսկ արևմտյանը` Խաղաղ օվկիանոսի ջրերը։
ԱՄՆ-ի կլիման հիմնականում բարեխառն է ու մերձարևադարձային։ Կան նաև արևադարձային կլիմայով վայրեր` Հավայան կղզիները (ԱՄՆ-ի նահանգներից) Խաղաղ օվկիանոսում։ Իսկ Ալյասկա հյուսիսային նահանգում ձմռանը լինում է արկտիկական սառնամանիք:
Երկրի կենտրոնական մասի հարթավայրերն արևմուտքում փոխվում են վեհասքանչ, ձյունապատ լեռնագագաթներով ժայռոտ լեռների, իսկ արևելքում ոչ շատ բարձր լեռների՝ Ապալաչների։
Լեռների, հատկապես Ապալաչների ընդերքը հարուստ է քարածխով, նավթով, բնական գազով, երկաթի, գունավոր մետաղների հանքաքարով և այլ օգտակար հանածոներով: Ամենախոշոր գետերն են Միսսիսիպին և նրա վտակ Միսսուրին:
Եվրոպացիներն սկսել են Հյուսիսային Ամերիկա գաղթել դեռևս 16-րդ դարում: Այն բանից հետո, երբ Կոլումբոսը հայտնագործեց Ամերիկան, նրանք անողոքաբար բնաջնջում էին հնդկացիներին՝ ամերիկյան մայրցամաքի բնիկներին: Ողջ մնացած հնդկացիները վտարվեցին դեպի անբերրի, ամայի տարածություններ, արգելաբնակավայրեր: ԱՄՆ-ում ապրում են նաև նեգրեր, որոնք բռնությամբ Աֆրիկայից Ամերիկա բերված նախկին ստրուկների սերունդներն են։ ԱՄՆ-ում վաղուց արդեն ստրկություն չկա, բայց նեգրերն այժմ էլ ամերիկյան ամենաճնշված ու իրավազուրկ քաղաքացիներն են: Նեգր գործազուրկներ ավելի շատ կան, քան սպիտակամորթ։ Սովորաբար նեգրերն ապրում են ամերիկյան քաղաքների ամենաանբարեկարգ, առանձնացված թաղամասերում` գետտոներում։ Հաճախ նեգր երեխաներին չի թույլատրվում սովորելու այն դպրոցներում, ուր սովորում են սպիտակամորթ երեխաները։
17-րդ դարում վերաբնակիչները (հիմնականում, անգլիացի) Ատլանտյան օվկիանոսի ափին հիմնադրեցին իրենց բնակավայրերը` գաղութները։ 18-րդ դարի վերջին 13 գաղութ ազատագրվեց անգլիացիների տիրապետությունից և ստեղծվեց անկախ պետություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրապետությունը։ Դրա համար էլ ԱՄՆ–ի պետական դրոշի վրա կան սպիտակ ու կարմիր 13 զոլեր: Դրոշի վերին ձախ անկյունում գտնվող կապույտ ուղղանկյան մեջ նկարված 50 սպիտակ աստղիկները համապատասխանում են ԱՄՆ-ի Նահանգների ներկա թվին:
ԱՄՆ-ը արդյունաբերության արտադրանքի թողարկմամբ գրավում է առաջին տեղը կապիտալիստական աշխարհում: Երկրում զարգացած են ժամանակակից արդյունաբերության բոլոր ճյուղերը, հատկապես` ավտոմոբիլային, նավթավերամշակման, քիմիական և ատոմային արդյունաբերությունը: Շատ զարգացած է նաև գյուղատնտեսությունը, որի բոլոր ճյուղերում լայն կիրառում ունի տեխնիկան։ Գլխավոր հացահատիկային բույսը եգիպտացորենն է։ Աշխարհում մշակվող եգիպտացորենի գրեթե կեսը հավաքվում է ԱՄՆ-ում:
ԱՄՆ-ը շատ հարուստ երկիր է, բայց այդ հարստությունը պատկանում է մի բուռ մարդկանց, որոնք ապրում են պերճանքի մեջ, իսկ միլիոնավոր աշխատավոր ամերիկացիներ հաճախ կիսաքաղց կյանք են վարում։
ԱՄՆ-ի տնտեսական և քաղաքական կյանքում վճռական դեր ունեն ֆինանսաարդյունաբերական խոշոր խմբերը` մոնոպոլիաները, որոնցից շատերը սերտորեն կապված են ռազմական արտադրության հետ։ Նրանք պաշտպանում են հետադիմական քաղաքականությունը երկրի ներսում և ագրեսիվ քաղաքականությունը միջազգային ասպարեզում:
Չնայած բարձր զարգացած արդյունաբերությանն ու գյուղատնտեսությանը, ԱՄՆ-ում տարեցտարի աճում է գործազրկությունը։ Մշտապես բարձրանում են մթերքների ու արդյունաբերական ապրանքների գները: Բնակարանային բուժման վարձն այնքան բարձր է, որ հաճախ մատչելի չէ գործազուրկներին և չքավոր ամերիկացիներին, հատկապես նեգրերին: Ամերիկյան բանվոր դասակարգը պայքարում է կապիտալիստների դեմ իր աշխատանքային