էին ամպրոպի ահեղ բայց և գթասիրտ աստծուն:
Կարդացեք հետևյալ գիրքը.
Գումիլևսկայա Մ., Ինչո՞ւ է այդպես լինում, Ե., «Սովետական գրող», 1980
Ամունդսեն Ռուալ
1872-1928
Դեռևս վաղ պատանության տարիներին Ռուալը հաստատապես վճռեց բևեռախույզ դառնալ։ Եվ նա սկսեց ֆիզիկապես կոփել իրեն՝ ֆուտբոլ էր խաղում, սառը ջրով շփում մարմինը, ձմռանը քնում պատուհանը բաց։
Դպրոցն ավարտելուց հետո ունևոր նորվեգացու ընտանիքի զավակը ծովային գործը լավ յուրացնելու համար երեք տարով ծով դուրս ելավ որպես հասարակ նավաստի։ Ապա դարձավ ղեկապետ (շտուրման), իսկ կապիտանի դիպլոմ ստանալուց հետո սկսեց պատրաստել իր առաջին ինքնուրույն արշավախումբը։ Նա որոշել էր անցնել Հյուսիսային Ամերիկայի ափերի երկայնքով և փորձել գտնելու Ատլանտյանից դեպի Խաղաղ օվկիանոսը տանող Հյուսիս-արևմտյան ծովանցքը։
Ամունդսենի արշավախումբը բազմամարդ չէր, համեստ էին նրա համար ծախսված միջոցները։ Եվ այնուամենայնիվ Ամունդսենն ամբողջովին պարտքերի մեջ էր։ Ուր որ է կալանք կդնեն նրա «Իո» երկկայմ առագաստանավի վրա: Եվ երիտասարդ ճանապարհորդը դիմեց չափազանց հանդուգն մի քայլի։ Մութ անձրևոտ մի գիշեր նա իր ուղեկիցների հետ ծածուկ բարձրացավ «Իո» նավը և անհետացավ ծովում։ Պարտատերերը կատաղել էին, բայց «յոթ ամենաերջանիկ ծովահենները», ինչպես հիշում է Ամունդսենը, արդեն ապահովության մեջ էին և ուղղություն էին վերցրել դեպի Գրենլանդիա։ Դա 1903 թ. էր:
Գիտարշավը տևեց երեք տարի, երեք ձմեռում Ծայր Հյուսիսում։ Արկտիկան յոթ խիզախների գլխին էր թափում իր ողջ մոլեգնությունը, նրանց դեմ հանում իր սառույցներն ու ձնաբքերը։ Եվ այնուհանդերձ, 1906 թ․ ճանապարհորդները, ողջ առողջ, ուրախ, գիտական առատ պաշարով (հաջողվել էր նաև որոշել մագնիսական բևեռի ճշգրիտ տեղը) հասան Կալիֆոռնիայի ափը։ Նրանք արեցին այն, ինչ ուրիշներին չէր հաջողվել 400 տարի շարունակ:
Այնուհետև իրար են հաջորդում ուրիշ գիտարշավներ։ 1911 թ․ դեկտեմբերի 14-ին Ամունդսենն առաջինը հասավ Հարավային բևեռ, հետո «Նորվեգիա» դիրիժաբլով նա առաջինը թռավ անցավ հյուսիսային բևեռի վրայով՝ ուսումնասիրելով Արկտիկայի օդային ուղիները։
Ամունդսենը հաղթանակներ էր տանում, որովհետև խնամքով էր պատրաստվում գիտարշավներին։ «Հաղթում է նա, ով նախատեսում է ամեն բան, մանրուքն անգամ չի անտեսում, դա էլ հենց հաջողությունն է»,- ասում էր նա: Բայց մի անգամ նա դավաճանեց ինքն իրեն:
1928 թ․ Արկտիկայում ողբերգություն տեղի ունեցավ․ աղետի էր ենթարկվել իտալական «Իտալիա» դիրիժաբլը: Սառույցները ճեղքելով՝ արշավախմբին օգնության էր գալիս «Կրասին» սովետական սառցահատը։ Աղետի վայրն էին շտապում Սովետական Միության, Շվեդիայի, Իտալիայի Նորվեգիայի օդաչուները։ Ինքնաթիռով թռավ նաև Ամունդսենը։ Նա շտապում էր և խախտեց սեփական կարգախոսը՝ մեկ ինքնաթիռով առանց երկրորդ ուղեկցողի չթռչել դավադիր Արկտիկայի վրայով։ Եվ այդ թռիչքը ճակատագրական եղավ՝ Ամունդսենը չվերադարձավ: Ոչ ոք չգիտեր, թե ինչ կատարվեց, թե ինչպիսին եղան փառապանծ ճանապարհորդի կյանքի վերջին րոպեները, ճանապարհորդ, որի խիզախությունն ու անվեհերությունը հավերժ դրոշմված են աշխարհագրական հայտնագործությունների պատմության էջերում:
Ամունդսենի մասին ավելի մանրամասն դուք կարող եք կարդալ հետևյալ գրքում.