Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ձկնիկներն իսկույն սկսում են լողալ այնպես, ինչպես Երկրի վրա, այլ ոչ թե պտտվում են նույն տեղում։

Կորցնելով կշիռը, բույսերն ու կենդանիները տիեզերքում կորցնում են նաև կողմնորոշումը՝ վերևի ու ներքևի զգացումը։ Որոշ ժամանակ ամերիկյան «Սքայլաբ» ուղեծրային կայանում բնակված Անիտա և Արաբելա սարդերն իսպառ կորցրել էին սարդոստայն հյուսելու ունակությունը։ Նրանք խիստ անկանոն սարդոստայն էին հյուսում և միայն մի քանի օր անց կարողացան հյուսել իրենց ավանդական նախշերը։

Ինչու՞ է անկշռություն առաջանում։ Բանն այն է, որ Երկրի շուրջը պտտվող տիեզերանավը չի դադարում ենթարկվել Երկրի ձգողությանը։ Երկրի շուրջը տիեզերանավի թռիչքի ժամանակ տեղի է ունենում նույնը, ինչ գնացքի շրջադարձի ժամանակ ուղևորը իներցիայով թեքվում է շրջադարձին հակառակ ուղղությամբ։ Երկրի վրա իներցիայի այդ ուժը ուղևորին սեղմում է վագոնի պատին, իսկ տիեզերքում այն հավասարակշռվում է Երկրի ձգողությամբ։ Այդ երկու ուժերի հավասարակշռության հետևանքով էլ առաջանում է անկշռությունը։

Անկշռության պայմաններում մարդկանց ինքնազգացողությունը տարբեր է լինում։ Ոմանք իրենց լավ են զգում արտակարգ թեթև և ուրախ, մյուսները վատ, ասես, անընդհատ անկման մեջ լինեն։ Մարդու օրգանիզմն էլ է վերակառուցում իր աշխատանքը։ Սիրտն աշխատում է ավելի փոքր ծանրաբեռնվածությամբ՝ մղելով «անկշիռ» արյուն։ Արյունը հորդում է դեպի գլուխը և մարդուն թվում է, թե իրեն գլխիվայր են շրջել։ Առանց ծանրաբեռնվածության մկանները թուլանում են, փոքրանում են ոսկորների չափերն ու ամրությունը։ Տիեզերագնացի համար դժվարանում է երկրային կյանքին նորից ընտելանալը։

Մինչև ո՞ր աստիճանը կարող է վերակառուցվել մարդու օրգանիզմը անկշռության պայմաններում։ Այս հարցը շատ կարևոր է տիեզերագնացության զարգացման համար։ Գիտնականները պայքարում են անկշռության վնասակար ազդեցության դեմ։ Տիեզերանավերում և ուղեծրային կայաններում ստեղծում են շարժվող վազքուղիներ, որպեսզի տիեզերագնացները կարողանան մարզել իրենց մկանները։ Տիեզերագնացներին հագցնում են նաև ծանրացված համազգեստ։

Իսկ գուցե կարելի՞ է ազատվել անկշռությունից՝ ուղեծրային կայանին հարկադրելով պտտվել իր առանցքի շուրջը։ Այդպիսի նախագծեր արդեն առաջարկված են, բայց դրանք իրականացնելն առայժմ չափազանց դժվար է։


Անձրև

- տե՛ս Տեղումներ


Անձրևարար սարք

Շոգ ու չորային ամառ է։ Մի քանի շաբաթ է արդեն, ինչ երկնքից ոչ մի կաթիլ անձրև չի տեղացել։ Իսկ կոլտնտեսության դաշտերում և այգիներում անձրևն ամեն