Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ այժմ խոսենք այլ բանի մասին։ Հիշեք, թե ինչպես էիք սովորում հաշվել ձեզ սովորեցրին հաշվել մինչև տասը, և դուք, հավանաբար, հարցնում էիք. «Իսկ ո՞ր թիվն է գալիս տասից հետո»։ Այնուհետև սովորեցիք հաշվել մինչև հարյուրը, ապա մինչև հազարը։ Եվ դուք արդեն հասկանում էիք, որ ոչ հարյուրը, ոչ հազարը վերջին թիվը չէ, որովհետև բավական է միայն հազարին ավելացնել մեկ, և կստացվի 1001, ապա 1002 և այդպես շարունակ։

Բայց չէ՞ որ ձեր իմացած ամենամեծ թվի հետ ևս կարելի է կատարել նույնը։ Ավելացրեք դրան մեկ, և կստացվի նոր, ավելի մեծ թիվ։ Այդ պատճառով ոչ մի «ամենամեծ թիվ» գոյություն չունի։ Ինչպես ասում են, գոյություն ունի թվերի անվերջ բազմություն։

Ե՛վ տիեզերական թռիչքի, և՛ ամենամեծ թվի օրինակներում մենք ասում էինք «և այդպես շարունակ»։ Այդ արտահայտության մեջ է թաքնված անվերջության գաղտնիքը։ Երբ մենք ասում ենք «և այդպես շարունակ», դա նշանակում է որ գործողությունը, որի մասին մենք խոսում ենք, կարելի է կրկնել ցանկացած անգամ, անվերջ։

Ահա հենց այդպիսի դեպքերում էլ, որ մենք պատմեցինք, խոսում են անվերջության մասին։ Ինչ աստղ էլ որ վերցնենք, կա նրանից ավելի հեռավորը։ Թվերն անվերջ են, որովհետև չկա «ամենամեծ թիվ», յուրաքանչյուր թվին հետևում է մեկ ուրիշը ավելի մեծը։


Անտառ

Անտառը ոչ մեկի թշնամին չէ։ Անտառը բոլորի բարեկամն է։

Գազանների ու թռչունների համար նա հարազատ տուն է և ստնտու։

Դաշտերի համար պահապան է քամուց, հատկապես կիզիչ խորշակից։ Թե չլիներ անտառը, քամին այնպես անկաշկանդ կսուրար, որ դաշտից կքշեր կտաներ հողի ողջ բերրի շերտը, կչորացներ այն։

Անտառը բարեկամն է գետի և նրա բնակիչների ձկների, խեցգետինների, գորտերի։ Երբ մեռնում է անտառը, շատ չանցած ծանծաղում և ցամաքում է նաև գետը։ Ինչու՞ է այդպես։ Գարնանը ձնհալի ջուրը մեկ շաբաթում հոսում հեռանում է դաշտերից։ Իսկ անտառի թավուտում, ծառերի ճյուղերի տակ, ձյունը դեռ մնում է մի ամբողջ ամիս, հալվելով աստիճանաբար։ Ձնհալի ջուրը կուտակվում է մամառածածկույթում, ինչպես սպունգի մեջ, և անտառային առվակները մշտապես ջուր են մատակարարում գետին։

Անտառը բարեկամն է նաև օդի։ Անտառի բույսերը օդը մաքրում են փոշուց ու մրից, հագեցնում թթվածնով։

Մարդու համար անտառն ամենաշռայլ բարեկամն է։ Գերան է տալիս տան, տախտակ՝ սեղանի, վառելափայտ վառարանի համար։ Թուղթ, թաղանթանյութ, լուցկի, բևեկնախեժ, դեղանյութեր դժվար է թվարկել այն ամենը, ինչ տալիս է անտառը, հապա սնկե՞րը, մորի՞ն, հապալա՞սը, ընկո՞ւյզը։ Մարդը երախտապարտ է անտառին բերրի դաշտերի, խոր գետերի, մաքուր