Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 1.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անուն

Չկա մեկը, որ անուն չունենա: Պատահում է, որ մարդն ինքը վաղուց չկա, բայց նրա անունն ապրում է: Այսպես մեզ են հասել անունները Իտալիայում տեղի ունեցած ստրուկների խոշորագույն ապստամբության առաջնորդի, մեզնից ավելի քան 2 հզ տարի առաջ ապրած Սպարտակի, Ասորեստանի թագուհի Շամիրամի, որին վերագրվում է «Աշխարհի յոթ հրաշալիքներից» մեկի` Բաբելոնի կախովի պարտեզների ստեղծումը:

Հապա եղբայրիկ Իվանուշկան ու քույրիկ Ալյոնուշկան, Հենզելն ու Գրետելը հրաշալի հեքիաթներից: Նրանք առհասարակ չեն եղել, բայց նրանց անուններն ապրում են:

Ի՞նչ է անունը. դա բառ է, բայց առանձնահատուկ մի բառ: Բոլոր բառերն ինչ որ բան նշանակում են, իսկ սրանք կարծես ոչ։ Եթե կատվին ցույց տալիս ասեք «Տե՛ս, շնիկը վազում է», ձեզ չեն հավատա։ Իսկ եթե ձեր քույրիկ Անահիտին մեկնումեկի հետ ծանոթացնելիս նրան ներկայացնեք որպես Գայանեի, ոչ ոք նույնիսկ չի էլ կասկածի, որ ճիշտ չեք ասում:

Կան ժողովուրդներ, որոնց պատկանող մարդիկ իրենց կյանքի ընթացքում փոխում են երկու, երբեմն էլ` երեք անուն։ Եվ դրանից ոչինչ չի փոխվում։ Գուցե անուններն իրոք ոչինչ չեն նշանակում:

Դա այդպես չէ անշուշտ։ Հնում մարդիկ իրար միայն իմաստալից անուններ էին տալիս` իրենց կարծիքով երեխաներին անվանակոչելով նրանց պահվածքին, արտաքինին համապատասխանող բառերով: Ամերիկայի հնդկացիները երեխային կարող էին կոչել Ուի-Ուիս` «բվի ձագ», կամ Հոմա Հոմանի՝ «վաղորդյան ամպիկ»: Հին հույները օգտագործում էին այսպիսի անուններ. Պետրոս որ նշանակում է «քար», Փոկաս` «փոկ», Քրիսոս` «ոսկի»:

Այդպես էին վարվում և ռուսների նախնիները. հին ռուսական անունները տարբեր կերպ էին հնչում. Դոբրոսլավա (բարի փառք), Դոբրինյա (քաջակորով երիտասարդ), Մալուշա (փոքրիկ): Դրանց իմաստը հասկանալի էր։ Տղային կարող էին անվանակոչել Վոլկ (գայլ), որպեսզի նա լիներ ուժեղ ու համարձակ և երկար ապրեր. ով ծնվեր շաբաթ (ռուսերեն` суббота) օրը, կոչում էին Սոբոտկա, անդրանիկ զավակին՝ Պերվուշա (ռուսերեն «первый» բառից): Իսկ ճղճղան մանչուկին Բեսսոն (անքուն) կամ Նեուպոկոյ (անդադրուն): Իսկ ինչո՞ւ հետագայում նման անունները չեն պահպանվել։

Նրանց դուրս են մղել քրիստոնեության հետ մուտք գործած օտար անունները: Օրինակ, Հովհաննեսը ծագել է «Եհովան ողորմած է» արտահայտությունից։ Ալեքսանդր անունը, որ նշանակում է «մարդկանց պաշտպան», եկել է Հունաստանից, Վալենտինան լատիներեն է` «առողջ, կորովի մարդու դուստր»։

Այդ անունները տարածվել են Եվրոպայի բոլոր ժողովուրդների մեջ։ Յուրաքանչյուրը դրանք վերափոխել է յուրովի: Հովհաննեսը Ֆրանսիայում դարձել է Ժան, Անգլիայում` Ջոն, Լեհաստանում` Յան, Իսպանիայում` Խուան, Իտալիայում` Ջովաննի, Ռուսաստանում` Իվան, իսկ անվան բուն իմաստը մոռացվել է: