որը գյուղից քաղաք է ընկնում, հալածվում ու տանջվում անգութ վաճառական բազազ Արտեմի ու նրա չար կնոջ՝ Նատոյի, ձեռքին։ Ձմռան ցրտին նա մրսում է, հիվանդանում և ի վերջո հրաժեշտ տալիս կյանքին՝ իր հարազատների, հայրենի գյուղի, իրենց սառնորակ աղբյուրների կարոտը սրտում։ Թումանյանի այդ հուզիչ պատմվածքը՝ «Գիքորը», տեղ է գտել դպրոցական դասագրքերում, բազմիցս հրատարակվել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, էկրանավորվել է (1935 և 1980 թվականներին), բեմադրվել, դարձել օպերա։ Թումանյանը գրում է բոլորի համար՝ ամենափոքրիկների ու ամենամեծերի, պատանիների ու երիտասարդների։ Մանուկը դեռ կարդալ իսկ չգիտե, բայց անգիր է սովորում Թումանյանի «Ծիտը», «Փիսոն» և մյուս գողտրիկ ոտանավորները։ Հասակ առնելով, գրաճանաչ դառնալով նա կարդում է «Գառնիկ ախպերը», «Փիսիկի գանգատը»... Պատանի հասակում ընթերցում է «Իմ ընկեր Նեսոն», «Մարոն», «Սասունցի Դավիթը»։ Երիտասարդ տարիքում նրա ուշադրությունը գրավում են կյանքի խորքերը թափանցող ավելի բարդ երկերը՝ «Անուշ», «Հառաչանք», «Փարվանա», «Քաջ Նազար», «Թմբկաբերդի առումը», իսկ հետո՝ նաև քառյակները, «Դեպի անհունը», «Աղավնու վանքը», «Լուսավորչի կանթեղը», «Հոգեհանգիստը»... Պատմաբանին Թումանյանի պատմագիտական հոդվածներն են զբաղեցնում, գրականագետին՝ նրա գրականագիտական հետազոտությունները, լեզվաբանին՝ լեզվագիտական ուսումնասիրությունները, շեքսպիրագետին՝ դատողությունները Շեքսպիրի մասին։ Հովհաննես Թումանյանը ծնվել է Լոռու Դսեղ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, ապա՝ Ջալալօղլու (այժմ՝ Ստեփանավան) դպրոցում։ Այստեղ սովորելիս էլ գրել է իր առաջին բանաստեղծությունները։ 1883 թ. ուսումը շարունակելու համար նա տեղափոխվել է Թիֆլիս (Թբիլիսի), սովորել Ներսիսյան դպրոցում։
«Հասկեր» մանկական հանդեսը և «Լուսաբեր» անունը կրող դասագրքերը նպաստեցին, որ փարթամորեն ծաղկի Թումանյանի՝ որպես մանկական գրողի, տաղանդը։ Իր գրեթե բոլոր մանկական երկերը նա գրել է այդ հանդեսի և դասագրքերի համար։ 1899 թ. Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որին մասնակցում էին Ա. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Լ. Շանթը, ինչպես նաև Ղ. Աղայանը, Պ. Պռոշյանը, Կոմիտասը, Լեոն և ուրիշներ։
35 տարին դեռ չբոլորած Թումանյանն արդեն գրել էր իր նշանավոր երկերի մեծագույն մասը։
20-րդ դարի սկզբին նա ծավալել էր համարձակ գործունեություն Անդրկովկասի ժողովուրդների բարեկամությունն ամրապնդելու համար։ Ցարական կառավարությունը դա չներեց բանաստեղծին, նա երկու անգամ ձերբակալվել ու բանտ է նետվել։
Հիմնիվեր խաթարվեց Թումանյանի կյանքը, երբ պայթեց առաջին համաշխարհային