Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թունավոր նյութերը կարող են մաշկի միջով թափանցել արյան մեջ և առաջացնել թունավորում։ Թերևս, առավել վտանգավոր են թունավոր մոլախոտերը։ Դաշտերն աղբոտող բույսերից է արջնդեղը։ Նրա սերմերը թունավոր են և եթե պատահաբար խառնվեն հացահատիկին ու անցնեն ալյուրի մեջ, ապա հնարավոր է, որ թունավորում առաջացնեն։ Տների մոտ աճում է բծավոր գինազոխը։ Այս բույսն անմիջապես կճանաչեք թխակապույտ փառով և կարմրագորշ բծերով ծածկված ցողունից։ Թունավոր են նրա բոլոր մասերը, հատկապես պտուղները, որոնք կարող են առաջ բերել ոչ միայն թունավորում, այլև անգամ մահ։ Թունավոր բույսեր շատ կան նաև անտառներում, գետերի ափերին և մարգագետիններում աճող խոտերի մեջ։ Գորտնուկի (հրանունկի) մի տեսակին տվել են կծու անվանումը։ Նրա հյութը պարունակում է նյարդային համակարգն ախտահարող թունավոր նյութեր: Լուրջ թունավորում կարող է առաջացնել սմբակի հետք հիշեցնող տերևներով փոքրիկ բույսը` սթերը. թունավոր նյութերը գտնվում են նրա տերևներում և արմատներում։ Ճահճային լավդանոնի (խնկունիի)՝ սուր, թմրեցնող հոտ ունեցող թփի, տերևներում նույնպես կան թունավոր նյութեր։ Որոշ թունավոր բույսեր արտաքուստ նույնիսկ գեղեցիկ են։ Թվում է, ինչը կարող ավելի քնքուշ լինել, քան հովտաշուշանը։ Բայց արի ու տես, որ նրա հատապտուղներում ու կոճղարմատներում թաքնված են թունավոր նյութեր։ Թունավոր է նաև գայլահատի կսկծեցնող հյութը, մինչդեռ թփի վարդագույն ծաղիկները բուրումնավետ են, իսկ ալ կարմիր պտուղները՝ այնքան գրավիչ։ Վտանգավոր են և ցախակեռասի՝ այսպես կոչված գայլախաղողի, պտուղները։ Երբեմն թունավոր բույսերը կարող են մոլորեցնել նաև իրենց նմանությամբ ոչ թունավոր բույսերին։ Օրինակ, թունավոր մոլեխինդը նման է սննդի մեջ գործածվող մաղադանոսին: Դեռ ավելին, այդ բույսի արմատները քաղցր են։ Բայց վա՜յ նրան, ով կհամտեսի դրանք։ Մոլեխինդի թույնն ամենաուժեղներից է և կարող է մահ առաջացնել: Ճերմակ թևերի նմանվող տերևներ ունեցող փողաշուշանի կոճղարմատները կարելի է ուտել, բայց միայն եփած վիճակում. հում վիճակում դրանք թունավոր են: Դեղաբույսեր հավաքելու ժամանակ պետք է շատ զգույշ լինել։ Չէ՞ որ նրանց թույնը կարող է բուժիչ լինել միայն չնչին քանակությամբ օգտագործվելու դեպքում։ Իսկ նման բույսերը շատ են։ Թունավոր է խաշխաշի տուփիկը, որի մեջ ամփոփվում են սերմերը, ինչպես նաև` ընձախոտի արմատները։ Մահամորմը թունավոր է ամբողջությամբ, և նրա երեք բալանման հատապտուղները կարող են մահացու լինել։

Թուրքիա

(Թուրքական Հանրապետություն)

Այս պետությունը գտնվում է միանգամից երկու աշխարհամասերում, մեծ մասը (Անատոլիան)՝ Ասիայում, Փոքր Ասիա թերակղզու վրա, իսկ փոքր մասը՝ Բալկանյան թերակղզու վրա, Եվրոպաում։ Եվրոպայի և Ասիայի միջև սահմանն անցնում է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Այդ նեղուցները միացնում են Սև և Միջերկրական ծովերը։ Բոսֆորի զառիթափ ափերին փռված է Թուրքիայի ամենամեծ քաղաքն ու նավահանգիստը՝ Ստամբուլը։ Հազարամյա վաղեմություն ունեցող հուշարձանները, միջնադարյան պալատներն ու տաճարներն