Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետո № 1 մանդատը` դեպուտատի վկայականը, գրանցվում է Վլադիմիր Իլյիչի անունով։

Սովետական մարդիկ ժողովրդական դեպուտատներ են ընտրում ամենաարժանավոր բանվորներին, ծառայողներին, գյուղատնտեսության աշխատողներին, գիտության, գրականության, արվեստի գործիչներին։ Որպես առաջին թեկնածուներ մենք միշտ առաջադրում ենք կոմունիստական կուսակցության և սովետական կառավարության ղեկավարներին, որոնք մեր երկրում համընդհանուր սեր ու հարգանք են վայելում։ Դեպուտատները կատարում են իրենց ընտրողների կամքը, հոգ տանում նրանց կարիքների ու շահերի մասին։

Երբ լրանա ձեր 18 տարին, դուք նույնպես ձայն կտաք դեպուտատության ձեր թեկնածուների օգտին, որովհետև Սովետական Միությունում ընտրությունները համընդհանուր են, և չափահաս դարձած ՍՍՀՄ քաղաքացիներն իրավունք ունեն դեպուտատ ընտրելու, ինչպես նաև դեպուտատ ընտրվելու։ Մեր երկրում կան գերագույն ու տեղական սովետներ։ Գերագույն են ՍՍՀՄ Գերագույն սովետը, միութենական, այդ թվում` նաև ճայկական ՍՍՀ, և ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետները։ Սովետներն ընտրվում են տարբեր ժամկետներով։ Օրինակ, ՍՍՀՄ Գերագույն սովետն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Ի տարբերություն մյուս սովետների, որոնց ընտրում է միայն այս կամ այն հանրապետության, երկրամասի, այս կամ այն մարզի, քաղաքի բնակչությունը, ՍՍՀՄ Գերագույն սովետն ընտրում են երկրի բոլոր քաղաքացիները։ ՍՍՀՄ Գերագույն սովետը պետական իշխանության բարձրագույն մարմինն է մեր երկրում։ Նա է հրապարակում ՍՍՀՄ-ի օրենքները, որոնք հավասար ուժ ունեն միութենական բոլոր հանրապետություններում։ ՍՍՀՄ Գերագույն սովետը քննարկում և լուծում է ՍՍՀՄ-ի ներքին ու արտաքին քաղաքականության արմատական հարցերը։ Օրինակ, նա հաստատում է ՍՍՀՄ-ի ժողովրդատնտեսական պետական պլանը և ՍՍՀՄ-ի պետական բյուջեն, ընտրում ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահություն։ ՍՍՀՄ Գերագույն սովետը կազմում է ՍՍՀՄ կառավարություն՝ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միության Մինիստրների խորհուրդ։ Միութենական և ինքնավար հանրապետությունների Գերագույն սովետները կազմում են հանրապետությունների կառավարություններ։ Ժողովրդական դեպուտատների սովետները ղեկավարում են պետական, տնտեսական և սոցիալ-կուլտուրական շինարարության բոլոր ճյուղերը, որոշումներ ընդունում, ապահովում նրանց կատարումը, վերահսկում որոշումների կենսագործումը։ Նստաշրջանները սովետի բոլոր դեպուտատների ընդհանուր ժողովներն են, որտեղ լուծվում են երկրի, հանրապետության, մարզի, շրջանի կյանքին վերաբերող առավել կարևոր հարցերը։ Նստաշրջանների միջև ընկած ժամանակաշրջանում սովետների աշխատանքը ղեկավարում են նախագահությունները, գործադիր կոմիտեները, որոնք ընտրվում են սովետների նստաշրջաններում։ Սովետներից է առաջացել մեր պետության բուն անվանումը՝ Սովետական Միություն, Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն։

Ժոնգլյոր

Կրկեսում դուք տեսել եք, անշուշտ, թե որքան թեթև ու վստահ է առարկաներով խաղում ժոնգլյորը. վեր-վեր են թռչում գնդիկներ, գլխարկներ, ձեռնաթիեր և, ասես հմայված, վերադառնում ճիշտ նրա ձեռքերի մեջ: Հաջորդ պահին ժոնգլյորի մատի ծայրին հնազանդորեն պտտվում է մի մեծ, խայտաբղետ գնդակ, վրան էլ՝ մեկ ուրիշ, ավելի փոքրը, միայն թե` հակառակ ուղղությամբ։ Ահա ժոնգլյորը թավալվում է գորգի վրա, բայց գնդակները, ասես իրար կապված, շարունակում են գլորվել նրա գլխի, ուսերի վրայով։ Ճոճվելով թույլ ձգված մետաղալարի վրա՝ նա վստահ ձեռնածություն է անում օղակներով ու մականներով։ Իսկ ինչպիսի՜ ուրախ քրքիջ է առաջ բերում «անհաջողակ» ժոնգլյորը, որն անճարակ ու ցրված է ձևանում։ Ամեն ինչ, իբր, ընկնում է ձեռքից, բայց վերջին պահին նա հասցնում է բռնել գետնին զարնվելու պատրաստ թե՛ ափսեն և թե՛ լիքը ջրամանը։ Ժոնգլյորի արվեստը պահանջում է զարմանալի ճշգրիտ և արագ շարժումներ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի վարպետություն ու համարձակություն է պետք նրան, երբ, արշավող ձիու գավակին կանգնած, վեր է նետում և կրկին բռնում վառվող ջահերը։