Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/141

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հուզում, զայրացնում էին նրան։ Ահա այդ զայրույթն է խտացած նրա հռչակավոր «Աբու-Լալա-Մահարի» պոեմում, որը գրված է 10-11-րդ դարերի արաբ բանաստեղծի անունից, բայց արտահայտում է հեղինակի բուռն ատելությունն ու բողոքը հին, անարդար աշխարհի, նրա դաժան օրենքների դեմ և հավատը լուսավոր ապագայի հանդեպ։ Ավետիք Իսահակյանի համար մայրը գերագույն սրբություն է։ Նա մեր բազմադարյան պոեզիայի մեջ առաջիններից էր, որ այնքան ջերմորեն գրեց մոր մասին, գովերգեց մայրական սերն ու նվիրվածությունը զավակների նկատմամբ։ Այս զգացմունքներն են արտահայտված «Մայրը», «Մայրիկիս», «Մոր սիրտը», «Պանդուխտ որդին», «Իմ այրող վշտից», «Ախ ասացին ինձ...» ստեղծագործություններում։ Ճակատագրի բերումով Իսահակյանը երկար դեգերեց, եղավ բազմաթիվ երկրներում, բայց միշտ վառ պահեց հայրենիքի կարոտը։ Մի առիթով նա ասել է. «Նայել եմ Մոնբլանին, բայց տեսել եմ Մասիսը, կանգնել եմ Աթենքի Պարթենոնի առջև, բայց զգացել եմ Երերույքը և Հռիփսիմեի տաճարը...»։ Նման մի պահի, 1926թ., հեռավոր Վենետիկում նա գրեց «Ռավեննայում» վերնագրով այս չքնաղ բանաստեղծությունը.

Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել։
Հերթը հիմա քոնն է մի պահ
Դու էլ նայիր սեգ ճակատին, Ու անցիր...

1935 թ. Իսահակյանը վերադարձավ Սովետական Հաայաստան։ Ժողովուրդը ցնծությամբ ընդունեց իր մեծ զավակին և նրան հարգանքով անվանեց «Վարպետ»։ Կարոտով փարված հայրենի հողի մայրական շնչին՝ նա ստեղծեց նոր բանաստեղծություններ, գրեց իմաստուն առակներ, շարունակեց աշխատել «Ուստա Կարո» ընդարձակ վեպի վրա։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Իսահակյանն իր բանաստեղծություններով, հոդվածներով ու ելույթներով ոգեշնչում էր սովետական ժողովրդին՝ քաջաբար կռվել անարգ ֆաշիզմի դեմ։ Իսահակյանը երկար տարիներ Հայաստանի գրողների միության անփոփոխ նախագահն էր։ Նա պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով, արժանացել ՍՍՀՄ մրցանակի։ Ծերունազարդ վարպետը մանուկներին շատ էր սիրում, հրճվում ու հպարտանում էր նրանցով։ Նա անթիվ նամակներ էր ստանում արտասահմանում բնակվող հայ երեխաներից, տխրում էր, որ նրանք ապրում են հայրենիքից հեռու, բայց նաև ուրախանում էր, որ սովորում են հայկական դպրոցներում, գիտեն մեր պատմությունը, մեր երգը, երաժշտությունը, հիանալի խոսում են հայերեն։ Ավետիք Իսահակյանն այսպիսի պատգամ է թողել երեխաներին. «... բարձր պահել հայության անունը, խորապես սիրել հայ հրաշալի լեզուն՝ մեր հարատևության անպարտելի զենքը, սիրել մեր դարավոր գրականությունը, ուր բաբախում է հայ ժողովրդի սիրտը, ուր ամփոփված են մեր իդեալները, երազանքները...»։ Մի ուրիշ տեղ մեծ բանաստեղծն ասում է. «Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։ Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ... Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։ Մարդկությունը սիրիր–մարդկության չափ մեծ կլինես...»։ Ավետիք Իսահակյանի աճյունը հանգչում է Երևանի Կոմիտասի այգու պանթեոնում, մեր մյուս մեծերի կողքին։ Ամեն մարդ, ով