Գերմանիա և ծառայության մտավ Պֆալցի կուրֆյուրստ (որ նշանակում է կայսրընտիր իշխան) Հովհան Վիլհելմի մոտ, որը Եվրոպայի ազդեցիկ իշխաններից էր։ Օրուն հաջողվեց ոգևորել նրան իրեն հուզող գաղափարով, և ահա իշխանի հանձնարարական նամակներով նա այժմ կրկին հայրենիքում էր և գնում էր Էջմիածին՝ նախապատրաստելու իր ծրագրի իրականացումը։ Սակայն դա էլ չհաջողվեց, և Իսրայել Օրին գնաց իր հայրենի Սյունյաց աշխարհը։ 1699 թ. ապրիլի վերջն էր։ Սիսիանի գավառի Անգեղակոթ ավանում Օրու վաղեմի բարեկամ Մելիք Սաֆրազի տանը հավաք- վել էին Սյունիքի տասնմեկ մելիքներ և քննարկում էին Իսրայել Օրու ծրագիրը։ Նրանք կազմում են Հովհան Վիլհելմի, եվրոպական մի քանի այլ տիրակալների, ինչպես նաև ռուսաց Պետրոս Առաջին ցարին ուղղված գրություններ` խնդրելով օգնել իրենց։ Եվ Օրին կրկին բռնում է Եվրոպայի ճանապարհը՝ այս անգամ իբրև օգնական ունենալով Մինաս վարդապետ Տիգրանյանցին։ 1700 թ. նա Հովհան Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության այսպես կոչված «պֆալցյան ծրագիրը», որի համաձայն Եվրոպայից սպասվող ռազմական ուժերի օգնությամբ թոթափվելու էր օտարների լուծը Հայաստանում։ Սակայն այդ ծրագրի իրագործումը ևս խափանվեց։ Արևմուտքից հուսախաբ Իսրայել Օրին 1701 թ. մեկնում է Մոսկվա։ Այստեղ նա բանակցություններ է սկսում ռուս պետական գործիչների ու անձամբ Պետրոս առաջինի հետ և հանգում այն համոզմանը, որ հայ ժողովրդի ազատագրական պայքարին իսկական օգնություն պետք է սպասել միայն Ռուսաստանից։ Ռուսական կառավարությանը Օրին ներկայացնում է իր նոր՝ «մոսկովյան ծրագիրը», ըստ որի ռուսական 25 հազարանոց բանակը պետք է մտներ Հայաստան և Վրաստան, միանար հայ ու վրաց ապստամբներին և ազատագրեր Պարսկաստանի տիրապետության տակ գտնվող Արևելյան Հայաստանը։ Այդ ժամանակ Ռուսաստանը պատերազմում էր Շվեդիայի դեմ, և 1702 թ. մարտին ռուսական կառավարությունը Օրուն պաշտոնապես հայտնում է, որ Հայաստանի ազատագրության հարցով կզբաղվի միայն շվեդական պատերազմի ավարտից հետո։ Իսրայել Օրին որոշում է մինչ այդ ստույգ տեղեկություններ հավաքել Պարսկաստանի ներքին կացության վերաբերյալ և դեսպանությամբ մեկնել այնտեղ։ Այս մտահղացումն արժանանում է ռուսական կառավարության հավանությանը։ Պետրոս Առաջինը նրան շնորհում է ռուսական բանակի գնդապետի աստիճան և նշանակում դեսպանության ղեկավար։ Եվ ահա 1708 թ. սկզբին մեծ շքախմբով ու զինված ջոկատի ուղեկցությամբ Իսրայել Օրին մուտք է գործում պարսկական տիրույթները։ Այստեղ նա տեսակցում է նաև պարսից շահի հետ։ Պարսկաստանից վերադառնալուց հետո Իսրայել Օրին լինում է Էջմիածնում, Ղարաբաղում և մեծ աշխատանք տանում անդրկովկասյան ժողովուրդների ընդհանուր ճակատ ստեղծելու և հայկական միացյալ զինված ուժեր կազմակերպելու ուղղությամբ։ 1711 թ. Իսրայել Օրին մեկնում է Աստրախան և օգոստոս ամսին այնտեղ հանկարծամահ լինում՝ այդպես էլ չտեսնելով իր փայփայած նվիրական երազի իրագործումը: Իսրայել Օրին անգնահատելի ծառայություններ է մատուցել հայ ժողովրդին։ Նրա մեծագույն երախտիքն այն էր, որ նա սկզբնավորեց հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ռուսական կողմնորոշումը, որն արդարացավ պատմության ատյանի առջև։ Իսրայել Օրու սերմանած գաղափարները մշտապես սնուցեցին հայ ազատագրական միտքը, դարձան հայ ազգային-ազատագրական պայքարի ուղենիշը:
Իսրայելյան Ռաֆայել Սարգսի
1934 թ. Լենինգրադում Համառուսաստանյան գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետական բաժնի դիպլոմային աշխատանքներից մեկը գրավեց դասախոսների ուշադրությունը։ Բացի այն, որ նախագիծն ինքնին հետաքրքիր էր ու ինքնատիպ, նրա վերևում նկարված էր մի մեծ արևածաղիկ և հայերեն գրված էր. «Ջան Հայաստան, ջան արև, ջան Ղարաբաղ, ջան սարեր»։ Դա ապագա տաղանդավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագիծն էր։ Ռ. Իսրայելյանը ծնվել է Թիֆլիսում (Թբիլիսիում), ղարաբաղցի ուսուցիչների ընտանիքում։ Նա ավարտում է տեղի հայկական դպրոցը և ապա սովորում երկաթուղային տեխնիկումում։ Սակայն նրա