Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Լազարյան ճեմարան

Մոսկվայի կենտրոնում, Կրեմլից ոչ հեռու, կա մի նրբանցք, որն Արմյանսկի (հայկական) անունն է կրում։ Նրբանցքի հյուսիսակողմում բարձրանում է երկհարկանի հնամենի մի շենք, որ կանգուն է ահա արդեն ավելի քան մեկ ու կես դար։ Դա նախկին հայկական Լազարյան ճեմարանի շենքն է, որի առջև, բակի կենտրոնում, կա համեստ մի հուշարձան։ Նրա վրա դրոշմված են Հովհաննես ու Հովակիմ Լազարյան եղբայրների և վերջինիս որդիների պատկերներն ու անունները։ Դարեր շարունակ օտար բռնակալների դեմ անհավասար պայքարում հայ ժողովրդի բազմաթիվ զավակներ փրկություն են որոնել ուրիշ երկրներում՝ իրենց հոգում միշտ անմար պահելով սիրելի հայրենիքի ազատագրության տենչը։ 18-րդ դարի երկրորդ կեսի հայ ազգային-ազատագրական շարժման գործիչներ Հովսեփ Էմինը, Հովհաննես Լազարյանը, Շահամիր Շահամիրյանը և ուրիշներ մեծ կարևորություն էին տալիս ժողովրդի լուսավորությանը, որովհետև այն կնպաստեր նրա ազգային ինքնագիտակցության արթնացմանը և ազատագրական պայքարին։ Մեծ է Լազարյանների երախտիքը հայկական մշակույթին, ժողովրդի լուսավորության գործին։ Դեռևս 1785 թ. Հովհաննես Լազարյանը մտադրվել էր Մոսկվայում հիմնադրել հայկական ճեմարան։ Նա նախապատրաստական աշխատանքներ է տանում, կազմել տալիս ճեմարանի կանոնադրության նախագիծ։ 1801 թ. նա մահանում է, ավանդելով կրտսեր եղբորը` Հովակիմ Լազարյանին, իրականացնելու ճեմարան բացելու իր նպատակը։ Եվ ահա Հովակիմ Լազարյանի ջանքերի շնորհիվ 1814 թ. մայիսի 10-ին տեղի ունեցավ Լազարյան ճեմարանի հիմնադրման հանդեսը։ 1815 թ. ճեմարանն իր դռները բացեց հայ չքավոր ընտանիքներից ելած, բայց ընդունակ առաջին երեսուն աշակերտների առջև, որոնք պետք է ձրի կրթություն ստանային։ Շուտով ճեմարան սկսեցին հաճախել նաև այլազգի երեխաներ։ Այդ տեսակետից Լազարյան ճեմարանը յուրահատուկ երևույթ էր։ Սա այն հազվագյուտ միջնակարգ ուսումնական հաստատություններից էր, որտեղ կողք կողքի, առանց ազգության ու դավանանքի, դասակարգային խտրության, սովորում էին հայեր, ռուսներ, վրացիներ, ադրբեջանցիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ։ Ճեմարանում, ուր ընդհանուր ուսուցումը տարվում էր ռուսերեն, բնական և հասարակական գիտություններից բացի, դասավանդվում էին նաև եվրոպական և, հատկապես, արևելյան լեզուներ՝ ֆրանսերեն, գերմաներեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն և, անշուշտ, հայերեն։ Պատահական չէ, որ 1827 թ. ճեմարանը վերանվանվել է Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտի։ 1829 թվականից ճեմարանին կից գործում էր տպարան, ուր