դասակարգի ազատագրության պայքարի միություն» կազմակերպությունը։ Շատ լայն էր Լալայանցի հեղափոխական գործունեության ոլորտը: Նա մերթ Թիֆլիսում էր, մերթ Սարատովում կամ Վորոնեժում, ապա կրկին Եկատերինոսլավում։ Ամենուրեք նա ստեղծում էր սոցիալ–դեմոկրատական խմբակներ ու կազմակերպություններ, նպաստում դրանց միավորմանը համառուսաստանյան բանվորական կուսակցության մեջ։ Նորից՝ բանտարկություն, աքսոր (Սիբիր), որտեղից այս անգամ նա փախչում է։ Ահա Լալայանցը արտասահմանում է, որտեղ հանդիպում է Վ. Ի. Լենինին, մասնակցում կուսակցության 2-րդ համագումարի նախապատրաստմանը։ Նա ղեկավարում է «Իսկրա» թերթի տպագրությունը։ Այնուհետև Լալայանցի ուղին ձգվում է դեպի Օդեսա, Պետերբուրգ։ Նա 1905 թ. մտնում է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության Կենտկոմի կազմի մեջ, 1906 թ. Ֆինլանդիայի Տամերֆորս (այժմ՝ Տամպերե) քաղաքում մասնակցում կուսակցության ռազմամարտական կազմակերպությունների կոնֆերանսին։ Դարձյալ ձերբակալություն և այս անգամ բանտարկություն Ռուսաստանի ամենադաժան բանտերից մեկում՝ Շլիսելբուրգում։ Ապա աքսորվում է Սիբիր։ Երկարատև տառապանքները քայքայել էին նրա առողջությունը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո նա Սիբիրում պայքարում էր սպիտակգվարդիականների դեմ։ 1922 թ. Լալայանցը Վ. Ի. Լենինի հրավերով աշխատանքի է անցնում ՌՍՖՍՀ-ի լուսժողկոմատում՝ որպես բաժնի վարիչ։ Նա ակտիվորեն մասնակցեց ժողովրդական կրթության ծավալման, մեր երկրում անգրագիտության վերացման, մատաղ սերնդի կոմունիստական դաստիարակության գործին։
Լաոս
(Լաոսի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն)
Այս փոքր պետությունը գտնվում է Հնդկաչին թերակղզում։ Նրա արևելյան հարևանը Վիետնամն է, որից սահմանազատվում է անտառախիտ լեռներով։ Արևմտյան սահմանի երկայնքով հոսում է լայն ու պղտոր, սահանքավոր ու հորդառատ Մեկոնգ գետը, որը Լաոսը բաժանում է Թաիլանդ պետությունից։ Լաոսցիների մեծ մասը բնակվում է Մեկոնգի գետահովտում և զբաղվում բրնձի մշակությամբ։ Նրանք իրենց անվանում են լաոլում՝ «լաոսցի երկրագործներ»: Անտառապատ լեռնալանջերին ցրված են լաոտենգ, որ նշանակում է «լաոսցի լեռնաբնակներ», բազմալեզու ցեղերի հատուկենտ գյուղերը։ Նրանք զբաղվում են որսորդությամբ, անտառարդյունագործությամբ, ծառահատված բացատներում ստեղծում փոքր դաշտեր ու բանջարանոցներ։ Բարձրավանդակներում բնակվում են լաոսունգ («լեռնագագաթների բնակիչներ») ցեղերը։ Լաոսի մայրաքաղաք Վիենտյանից դեպի հյուսիս ընկած է երկրի ամենահետաքրքիր վայրերից մեկը՝ Սափորների հովիտը։ Ստվերախիտ անտառակներով, սիզավետ ու թեթևակի բլրոտ, լեռներով շրջափակված ընդարձակ հարթավայրում մեկ առանձին, մեկ խմբերով ցրված են ասես գետնից բուսած հսկա, գրեթե մարդահասակ անոթներ՝ տաշված ամբողջական գլաքարից։ Հայտնի չէ, թե երբ և ովքեր են պատրաստել այդ տարօրինակ անոթները։ Գիտնականները ենթադրում են, որ դրանք ծառայել են իբրև դագաղ-դամբարաններ, որտեղ Լաոսի հնագույն բնակիչները թաղել են իրենց հանգուցյալներին։ Երկրում քաղաքները քիչ են ու փոքր։ Չկա երկաթուղի, գյուղամիջյան ճանապարհներով էլ միշտ չէ, որ ավտոմեքենա կարող է անցնել: Բեռները տեղափոխում են եզնասայլերով, իսկ լեռնային կածաններով` գրաստներով։ Արդյունաբերություն գրեթե չկա։