Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ձգվում է սքանչելի լողափը։ Այստեղի ավազը մաքուր է ու սպիտակ, ջրի խորությունը՝ ծնկաչափ, բայց ջուրն, ինչ խոսք, ավելի սառն է, քան Սև ծովում։ Հաճելի է, երբ ոտաբոբիկ քայլում ես նուրբ ավազի վրա կամ հանգստանում լողափին աճող սոճիների ստվերում։ Ռիգայի ծովափին կան շատ առողջարաններ, հանգստյան տներ, պիոներական ճամբարներ, ուր հանգստանալու են գալիս մեր մեծ երկրի տարբեր ծայրերից։

Լեհաստան

(Լեհական Ժողովրդական Հանրապետություն, ԼԺՀ)

Սոցիալիստական Լեհաստանը Սովետական Միության արևմտյան հարևանն է։ Երկրի տարածքի մեծ մասն զբաղեցնող ընդարձակ հարթավայրերով, թավ անտառներով, դաշտերով ու մարգագետիններով հոսում են բազմաթիվ գետեր, որոնցից ամենաջրառատն են Վիսլան և Օդրան։ Հյուսիսում ցածրադիր ափերը ողողում են Բալթիկ ծովի ջրերը, իսկ հարավում բարձրանում են անտառապատ լեռներ` Կարպատները և Սուդետները։ Լեհական հողում հնուց ի վեր ապրել են արևմտյան սլավոններ։ Առաջին պետությունն այստեղ կազմավորվել է ավելի քան հագար տարի առաջ։ Ըստ հին ավանդության, իշխան Լյախը երկար ժամանակ տեղ էր փնտրում պետության մայրաքաղաքի համար։ Մի անգամ բլրին նա տեսավ սպիտակ արծվի բույն և հրամայեց քաղաքը հիմնել այնտեղ։ Այդ ժամանակից էլ Լեհաստանի գերբի վրա պատկերվում է սպիտակ արծիվ։ Հնում Լեհաստանը Եվրոպայի հզոր պետություններից էր։ Բայց լեհ կալվածատեր–ազնվականների (շլյախտայի) մշտական անմիաբանության պատճառով երկիրն աստիճանաբար թուլանում էր։ 18-րդ դարի վերջին ժամանակի երեք հզոր պետություններ` Ռուսաստանը, Պրուսիան և Ավստրիան, Լեհաստանի տարածքը բաժանեցին իրար միջև։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո միայն Լեհաստանը վերածնվեց որպես ինքնուրույն պետություն։ 1918 թ. սովետական կառավարությունը ճանաչեց նրա անկախության իրավունքը։ Այդ մասին ընդունված դեկրետն ստորագրել է Վ. Ի. Լենինը։ Ճնշելով լեհ աշխատավորների հեղափոխական շարժումները` իշխանության գլուխ կանգնեց բուրժուազիան, որը վախենում և ատում էր սովետական երկիրը։ Արևմուտքի այլ կապիտալիստական պետությունների հետ լեհական բուրժուազիան 1920 թ. մասնակցեց