Լենինական
Քառագագաթ Արագածի հայացքի ներքո, հացառատ Շիրակի դաշտում, Ախուրյան գետի ձախ ափին խոյանում է Սովետական Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը` Լենինականը, իր 215 հզ. բնակչությամբ։ Սովետական Միության տարածքում գտնվող հնագույն բնակավայրերից է Լենինականը։ Հնագիտական պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերվել են մեր թվականությունից առաջ 3-րդ հազարամյակին վերաբերող զանազան իրեր ու առարկաներ։ Հին և միջին դարերում բնակավայրը կոչվել է Կումայրի, ապա՝ Գյումրի։ 1804 թ. ռուսական զորքերը գրավեցին Գյումրին, որը մինչ այդ գտնվում էր Պարսկաստանի տիրապետության տակ։ Տարեցտարի մեծանում էր Գյումրին, շատանում էին բնակիչները, զարգանում արհեստները։ 1837 թ. Գյումրի է այցելում ռուսաց Նիկոլայ Առաջին ցարը, քաղաքը դարձնում բերդ-ամրոց և իր կնոջ՝ Ալեքսանդրայի, անունով կոչում Ալեքսանդրապոլ։ Հայաստանում սովետական իշխանության հաստատումից հետո, 1924 թ., Ալեքսանդրապոլը վերանվանվում է Լենինական՝ ի հավերժացումն հեղափոխության մեծ առաջնորդի՝ Լենինի, հիշատակի։ Հեղափոխական հարուստ ավանդույթներ ունի Լենինականը։ Դեռևս 1905 թ. այստեղ ստեղծվեց բոլշևիկյան կազմակերպություն, որն ակտիվորեն արձագանքում էր Ռուսաստանում տեղի ունեցող հեղափոխական շարժումներին։ Իսկ 1920 թ. մայիսին Հայաստանում սովետական իշխանության հաստատման համար առաջինը ապստամբության դրոշ բարձրացրին Ալեքսանդրապոլի աշխատավորները (այդ մասին դուք կկարդաք «Մայիսյան ապստամբություն» զրույցում)։ Լենինականը մեր հանրապետության արդյունաբերական խոշոր քաղաքներից է։ Նրա ավելի քան 50 ձեռնարկությունների շարքում առաջին տեղը պատկանում է Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ կոմբինատին, որը Հայկական ՍՍՀ տեքստիլ արդյունաբերության առաջնեկն է, ամենախոշոր ձեռնարկությունը և իր առաջին արտադրանքը տվել է դեռևս 1924 թ.։ Լենինականը հայտնի է նաև մեքենաշինական ու սննդարդյունաբերական ձեռնարկություններով։ Այսօր լենինականյան մակնիշը կրող բազմատեսակ արտադրանք է առաքվում ինչպես Սովետական Միության բազմաթիվ քաղաքներ, այնպես էլ արտասահմանյան շուրջ 35 երկիր։ Անդրկովկասի երկաթուղային տրանսպորտի խոշոր հանգույցներից է Լենինականը: