Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի գոյության մասին առաջ չէինք էլ կասկածում։

Լևիտանի կտավները կարելի է հայրենասիրական կոչել բառիս ամենավեհ իմաստով։ Հայրենիքի խորունկ զգացողություն են ծնում աննշան թվացող առարկաները, ասենք, օրինակ, գետակի վրա գցված փայտե կամրջակը, քամուց շնկշնկացող ծեր կաղամախին կամ էլ ամռան անձրևով ցողված հավամրգի բուրավետ թփուտները։ Այս ամենը այն մասնիկներն են, որոնցից կերտվում է հոյակապ մի ամբողջություն, ռուս մարդու համար սիրտը ցավեցնելու չափ սիրելի այն ամբողջությունը, որ նրա հայրենիքն է կոչվում։ Նրա յուրաքանչյուր նկարի մասին կարելի է աշխատություն կամ պոեմ գրել, բայց պարզապես նկարագրելն անհնարին է։ Հարկավոր է դրանք տեսնել, տեսնել «Ոսկե աշունը»՝ երկնակամարի իր խորունկ կապույտով և կեչիների ոսկե տերևաթափով։ Իր գունագեղությամբ, գույների ճշգրտությամբ ու պարզությամբ այն համարժեք է աշնան պուշկինյան նկարագրություններին։ Այս նկարում զարմանալի ուժով է մարմնավորված ռուսական աշնան ողջ քնարականությունը՝ իր մաքրամաքուր զովաշունչ օդով, հանդարտ ջրերով ու լուսառատ հեռաստաններով, սեպտեմբերյան արևով ներթափանցված ոսկեգույն սաղարթի շրշյունով։ Իսկ «Հավերժական անդորր»–ում վարպետորեն պատկերված է իր մռայլության մեջ վեհ թխպոտ եղանակը։ Հապա «Մարտը»՝ իր հալվող ձյուների կայծկլտուքով, կամ «Հորձանուտի մոտ» կտավը, ուր ամեն ինչ լի է այն խորհրդավորությամբ, որ ստեղծվում է խիտ մացառուտների և խորունկ ու վճիտ ջրերի միահյուսմամբ։ «Վլադիմիրկան» ներթափանցված է Ռուսաստանի լավագույն որդիների սերնդի մասին հիշողությամբ, որդիներ, որոնք տաժանակրությամբ հատուցեցին ժողովրդի հանդեպ իրենց նվիրումի համար։ Լավ նայեցեք Լևիտանի նկարներին, և ձեր առջև կհառնի Ռուսաստանն իր ողջ լայնարձակ գեղեցկությամբ։

Լերմոնտով Միխայիլ Յուրևիչ

1837 թ. հունվարին, Պուշկինի ողբերգական մահվան օրերին, Ռուսաստանը հանկարծ լսեց ձայնը երիտասարդ մի բանաստեղծի, որին վիճակված էր լինելու Պուշկինի հետնորդը ռուս գրականության մեջ։ Դա քսաներկուամյա սպա Միխայիլ Յուրևիչ Լերմոնտովն էր, որ գրել էր վշտալի, ցասկոտ ու խարազանող «Պոետի մահը» բանաստեղծությունը։

Ընկավ պոետը—պատվի ջատագով,
Ամբաստանության զո՛հն անմեղապարտ,
Խոցված կուրծքը լի վրեժի տենչով
Ու խոնարհելով գլուխը հպարտ ..

Այս բանաստեղծության մեջ նա ասում էր, որ Պուշկինին սպանողին հրահրել են միապետական գահը շրջապատող մեծատոհմիկները։ Բանաստեղծը նրանց անվանում էր Ռուսաստանի Հանճարի, Ազատության և Փառքի դահիճներ, կանխագուշակում, որ նրանք կանգնելու են պատմության դատաստանի առջև։ Այսպես սկիզբ առավ Լերմոնտովի համաժողովրդական փառքը։ Ինչպես զինվորը մարտում, նա բարձրացրեց Պուշկինի ձեռքից ընկած ռուսական պոեզիայի դրոշը և կանգնեց սպանված բանաստեղծի տեղը։ Նիկոլայ Առաջինի կառավարությունը Լերմոնտովի բանաստեղծությունը գնահատեց իբրև հեղափոխության կոչ և շտապեց դաժան միջոցների դիմել։ Լերմոնտովին ձերբակալեցին և աքսորեցին Կովկաս, ուր ամեն պահ կարող էր զոհվել լեռնականների գնդակից։

Լերմոնտովը ծնվել է Մոսկվայում։ Երեք տարին դեռ չբոլորած՝ մահացավ մայրը։ Մինչև տասներեք տարեկանը տղան դաստիարակվում էր Տարխանիում` տատի կալվածքում։ Հետո սովորեց Մոսկվայում, սկզբում՝ գիշերօթիկում, ապա՝ համալսարանի բանասիրական բաժանմունքում։ Ավելի