Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չկա այդքան մեծ մակերես ունեցող և այդքան ծանծաղ մի ուրիշ լիճ։ Նրա միջին խորությունը 40 մ է, իսկ հյուսիսային մասը բոլորովին ծանծաղ է՝ ընդամենը մի քանի մետր խորություն ունի։ Լճի ջուրը, որ տաքանում է մինչև հատակը, ամբողջ տարին տաք էլ մնում է։ Տաք ջրում բնակվում են անհամար ջրիմուռներ, որոնցով սնվում են խոշոր երկու և ավելի մետր երկարությամբ ձկները։ Բարձր լեռներում լճեր գոյանում են այն դեպքում, երբ փխրուն ապարներն ու ժայռերը փլվում են և պատնեշում լեռնային գետի նեղ հովիտը։ Լեռնային լճերի ջուրը, որ դեպի լիճն է հոսում լեռնաբերձ սառցադաշտերից, վճիտ է ու սառը։ Այդպիսի սառը ջուր է սիրում կարմրախայտ ձուկը, որը սնվում է ոչ այնքան ջրի մեջ բնակվող մանրիկ կենդանիներով, որքան ջրի վրայով թռչող և լիճն ընկնող միջատներով։ Մեր հանրապետությունը հարուստ է լեռնային գեղատեսիլ լճերով։ Դրանցից ամենախոշորը Սևանա լիճն է, որտեղ բնակվում է իշխան ձուկը։ Դիլիջանից մի քանի կմ հեռու, 1350 մ բարձրության վրա կա սքանչելի, գողտրիկ մի լիճ։ Նրա ջուրն այնքան պարզ է, որ լիճն այդպես էլ կոչվում է՝ Պարզ լիճ։ Լինում են նաև ստորգետնյա լճեր, որոնք գոյանում են ստորգետնյա գետի ճանապարհին հանդիպող քարանձավներում։