Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/189

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծանոթանում բոլշևիկ ուսանողների հետ, մասնակցում ուսանողական ընդհատակյա խմբակների հավաքույթներին, պրոպագանդիստական աշխատանք տանում գործարաններում։ 1917 թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո Լուսիկն ընտրվում է Մոսկվայի Զամոսկվորեչիե շրջանի սովետի քարտուղար։ 1917 թ. սկզբներին ակտիվորեն մասնակցում է «Երրորդ ինտերնացիոնալ» բանվոր երիտասարդության միության ստեղծմանը։ 1917 թ. հոկտեմբերի վերջն է։ Պետրոգրադում իշխանությունն արդեն սովետի ձեռքին է, իսկ Մոսկվայում փողոցային մարտեր են գնում։ Լուսիկը Զամոսկվորեչիեի ռազմահեղափոխական կոմիտեի հետախույզն ու կապավորն է։ Այդ օրը, նոյեմբերի 1–ին, նա պետք է փամփուշտ հասցներ փողոցի այն կողմում մարտնչող ընկերներին։ Եվս մի քանի քայլ, և նա տեղ կհասներ։ Բայց... Նա ընկավ թշնամու գնդակից խոցված։ Ընդամենը 20 տարեկան էր Լուսիկը և հազիվ մեկ տարի աշխատեց Մոսկվայի իր հեղափոխական ընկերների հետ, բայց այդ կարճ ժամանակամիջոցում հասցրեց շատ բան անել։ Նրա աճյունն ամփոփվեց հոկտեմբերյան մարտերի ժամանակ զոհվածների եղբայրական գերեզմանում, Կրեմլի պատի տակ։ Իսկ 1918 թվականից նրա անունով կոչվեց մեր հայրենիքի մայրաքաղաքի նախկին Մալայա Սերպուխովսկայա փողոցը, ուր ապրում էր Լուսիկը։

Լուսիկ Լիսինյանի մասին կարդացեք այս գիրքը.

Հովսեփյան Վ., Լուսիկ Լիսինյան Ե., 1957

Լիտվա

(Լիտվական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն)

Փոքրիկ իմ երկիր,
Ոսկե մի կաթիլ դու թանձր սաթի..

Իր հայրենիքի այս հիասքանչ կերպարն ստեղծել է լիտվացի հայտնի բանաստեղծուհի Սալոմեա Ներիսը։ Լիտվան իրոք որ անվանում են սաթե երկիր, իսկ հնում Սաթե ծով էր կոչվում նաև Բալթիկ ծովը, որի ափին է գտնվում Լիտվան։ Գուք, հավանաբար, տեսել եք սաթե մանյակներ, ապարանջաններ, վզնոցներ, ճարմանդներ և գեղեցիկ այլ իրեր։ Սաթը դեղին կամ կարմրավուն թեթև քար է, որը գոյացել է միլիոնավոր տարիներ առաջ, փշատերև ծառերի խեժից։ Լիտվայի Պալանգա ծովափնյա քաղաքում մի հիանալի թանգարան կա, ուր ժողովված են ինչպես անցյալում, այնպես էլ մեր օրերում սաթից պատրաստված գեղարվեստական իրեր։ Սակայն սաթը միայն զարդ չէ. նրանից պատրաստում են նաև Լիտվայի գործարաններում արտադրվող բարդ և ճշգրիտ էլեկտրական մեքենաների, սարքերի ու ապարատների զանազան մասեր։ Լիտվայի արդյունաբերության արտադրանքը՝ էլեկտրաեռակցող մեքենաները, մետաղահատ հաստոցները, վուշե գործվածքները, թուղթը և այլն, հռչակված են սովետական ողջ երկրում։ Ձեզ ծանոթ «Օռլյոնոկ» և «Լաստոչկա» հեծանիվները նույնպես պատրաստում են Լիտվայում Հանրապետության գյուղատնտեսությունը տալիս է բարձրորակ կարագ, խոզապուխտ, միս։ Լիտվացի ձկնորսները հարազատ ափերն են վերադառնում հարուստ որսով։ Ձուկը հետո վերամշակվում է պահածոների գործարաններում:

Գրող Կոնստանտին Պաուստովսկին այսպես է պատմում Լիտվայով կատարած իր ճանապարհորդության մասին. «Ամեն անգամ, երբ մեքենան հայտնվում էր որևէ բարձր լեռնանցքում, մեր առջև բացվում էր այնպիսի մի պատվական անտառազարդ հեռաստան, այնքան տոնականորեն կախարդիչ մի երկիր, այնպիսի մի թարմություն էր ներխուժում մեքենայի բաց պատուհանից, որ մեր շունչը կտրվում էր... Մենք նախանձում էինք այդ հողի վրա ապրող բոլոր մարդկանց»:

Անվերջ բլուրների և թավախիտ անտառների մեջ այստեղ-այնտեղ կապույտին են տալիս ջրառատ գետերը, որոնցից ամենամեծը Նեմանն է, և հազարավոր լճերն իրենց կղզյակներով: Գեղեցիկ են Լիտվայի քաղաքները: Կոլտնտեսային բարեկարգ ավանները փոխարինել են փոքրիկ, մեկուսի ագարակներին: