Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ջեկ Լոնդոնի մասին դուք կարող եք կարդալ հետևյալ գիրքը.

Սթոուն Ի., Նավաստին թամբի վրա, Ե., «Հապետհրատ», 1963

Լույս

Լույսից ավելի զարմանալի բան, թերևս, չկա։ Այն սլանում է բնության մեջ հնարավոր ամենամեծ՝ վայրկյանում 300 հզ. կմ, արագությամբ։ Իսկ ի՞նչ է լույսը։ Երկար ժամանակ գիտնականներն այդ մասին միասնական կարծիք չունեին։ Ֆիզիկոսներից ոմանք, այդ թվում Ի. Նյուտոնը, գտնում էին, որ լույսը լուսարձակող մարմնից դուրս թռչող մանրագույն մասնիկների հոսք է։ Ուրիշները ենթադրում էին, որ լույսը տիեզերական ողջ տարածությունն զբաղեցնող հատուկ նյութի՝ եթերի, ալիքաձև տատանումներ է։ Այս տեսակետն էր պաշտպանում Մ. Վ. Լոմոնոսովը։ Միայն 1905 թ. ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնն ապացուցեց, որ լույսը միաժամանակ ունի թե՛ մասնիկների և թե՛ ալիքների հատկություններ։ Այդ հայտնագործությունից հետո հասկանալի դարձան բազմաթիվ առեղծվածային երևույթներ։ Ինչո՞ւ է, օրինակ, լուսանկարչական ժապավենի վրա պատկերը նեգատիվ լինում, այսինքն՝ լուսավոր տեղերը մուգ են ստացվում, մութ տեղերը՝ բաց։ Պարզվում է, որ ժապավենի մակերևույթը պատող էմուլսիան ռմբակոծվում է լույսի մասնիկներով` ֆոտոններով, և այնտեղ, ուր շատ ֆոտոններ են դիպչում, ժապավենն ավելի է մգանում, քան այնտեղ, ուր քիչ ֆոտոններ են դիպչում։ Թափանցելով բույսերի տերևների մեջ՝ ֆոտոններն առաջ են բերում զանազան քիմիական ռեակցիաներ, որոնց հետևանքով անջատվում է թթվածին և կլանվում ածխաթթվական գազ, իսկ բույսն ինքն աճում է։ Իսկ ինչո՞ւ է մեր շուրջն ամեն ինչ գույնզգույն։ Ինչո՞ւ տարբեր գույներ կան։ Այս ամենն արդեն լույսի ալիքային հատկությունների հետևանք է։ Լույսի ալիքներն էլեկտրամագնիսական տատանումներ են և նման են ռադիոալիքներին, միայն թե լույսի ալիքների երկարությունը շատ ու շատ փոքր է։ Կարմիր լույսի ալիքի երկարությունը մեկն է, կանաչինը՝ մեկ ուրիշը (նրա ալիքներն ավելի կարճ են), կապույտ ճառագայթների ալիքներն է՛լ ավելի կարճ են։ Սպիտակ լույսը միանգամից բոլոր գունավոր ճառագայթների խառնուրդ է։ Երբ սպիտակ լույսն ընկնում է որևէ առարկայի վրա, որոշ ալիքներ կլանվում են, մյուսներն՝ անդրադառնում։ Որ ալիքն անդրադառնում է, այդ գույնն էլ մենք տեսնում ենք։ Սպիտակ թուղթը հավասարապես լավ է անդրադարձնում բոլոր ալիքները, դրա համար էլ այն մենք սպիտակ ենք տեսնում։ Սև թավիշը կլանում է բոլոր ալիքները, և այդ պատճառով այն սև է թվում։ Արեգակի և աստղերի, կրակի և էլեկտրական կայծի լույսը ծնվում է մինչև մի քանի հազար աստիճան տաքացած ատոմներից։ Բայց լինում է նաև «սառը լույս»։ Այդպիսի լույս են արձակում փտած փայտը, լուսատտիկները (կայծոռիկները), տաք ծովերի ջրերում բնակվող որոշ միկրոօրգանիզմներ և մարդկանց ստեղծած լուսարձակող ներկերը։ Այդ լույսն առաջանում է նաև ատոմներում կամ մոլեկուլներում տեղի ունեցող փոփոխությունների հետևանքով,