Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա հենց այդ անդրադարձած ճառագայթների մի մասն էլ գիշերը լուսավորում է Երկիրը։ Երբ դեպի Երկիրն է դարձած Լուսնի՝ Արեգակի լույսով ամբողջապես լուսավորված կիսագունդը, ապա մենք այն տեսնում ենք կլոր, լուսարձակող սկավառակի տեսքով։ Ինչպես ասում են, սկսվում է լիալուսինը։ Ավելի հաճախ Լուսնի լուսավորված կիսագունդը Երկրից մասամբ է սոսկ տեսանելի։ Այդ ժամանակ Լուսինը երկնքում երևում է եղջյուրի (մահիկի), կիսաշրջանի կամ ոչ լրիվ շրջանի տեսքով։ Իսկ եթե Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, ապա մենք այն առհասարակ չենք տեսնում, սկսվում է նորալուսինը։ Նորալուսնի ժամանակ Լուսինը երբեմն ծածկում է Արեգակը։ Այդպիսի պահերին տեղի է ունենում Արեգակի խավարում։ Լինում է և այնպես, որ լիալուսնի ժամանակ Երկիրը երբեմն ստվեր է նետում Լուսնի վրա։ Այդ դեպքում տեղի է ունենում Լուսնի խավարում։

Հնում կարծում էին, թե Լուսնի վրայի գորշ բծերը ծովեր են։ Այժմ մենք լավ գիտենք, որ Լուսնի վրա մի կաթիլ ջուր անգամ չկա, չկա նաև նրան շրջապատող օդի թաղանթ` մթնոլորտ: Լուսինը մեռյալ աշխարհ է, ամենևին նման չէ Երկրին։ Իսկ Լուսնի «ծովերը» հրաբխային գորշ ապարներով պատված խոր իջվածքներ են։ Լուսնի լուսավոր մասերը նրա լեռնային շրջաններն են։ Երբ Լուսինը երևում է մահիկի կամ կիսաշրջանի տեսքով, հեռադիտակով անգամ նրա մակերևույթին կարելի է նկատել անհարթություններ՝ լեռներ։ Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ, բայց առանձնապես շատ են խառնարանները։ Լուսնի խառնարանների մի մասն առաջացել է այն ժամանակ, երբ միջմոլորակային տարածությունից նրա վրա ընկել են մետաղե կամ քարե մարմիններ՝ երկնաքարեր։ Ամենախոշոր խառնարաններն առաջացել են հրաբխային ժայթքումներից։ Գիտնականներն այսօր էլ դիտում են Լուսնի ընդերքից գազերի ժայթքման որոշ հետքեր։ Հնարավոր է, որ Լուսնի ընդերքում ջերմաստիճանը շատ բարձր է։ Լուսնի մակերևույթին ցերեկը հաճախ 130 աստիճանի հասնող շոգ է լինում, գիշերն, ընդհակառակը, մինչև 170 աստիճանի սառնամանիք։ Այդպես կտրուկ տարբերվում են նաև արևի տակ և ստվերում եղած ջերմաստիճանները, որովհետև Լուսնի վրա օդ չկա, որը կարողանար նվազեցնել ջերմաստիճանների տարբերությունը:

Ավտոմատներն ու տիեզերագնացները Երկիր բերեցին Լուսնի բնահողի նմուշներ։ Հնարավոր է, որ Լուսնի վրա ստեղծվեն մշտապես գործող գիտական կայաններ, ապա նաև կառուցվեն լուսնային քաղաքներ։ Տիեզերանավերը միջմոլորակային հեռավոր երթուղիներով կուղևորվեն ոչ թե Երկրից, այլ Լուսնից։ Լուսինը միջանկյալ կայան կդառնա ապագա միջմոլորակային թռիչքների համար:

Լուսնի վրա ծանրության ուժը վեց անգամ ավելի փոքր է, քան Երկրի վրա։ Այդ պատճառով տիեզերական հրթիռը Լուսնի մակերևույթից շատ ավելի հեշտությամբ կթռչի, քան Երկրից։ Լուսինը կանոնավորապես ուսումնասիրում են տիեզերական ավտոմատները։ Կազմված է նրա անտեսանելի երեսի մանրակրկիտ քարտեզը։ Պարզվել է, որ մեր արբանյակի հակառակ երեսը բացարձակապես նման չէ տեսանելի կողմին։ Այն գրեթե ամբողջությամբ լեռնոտ է, «ծովերն» էլ ընդամենը մի քանիսն են։ Լուսնի վրա վայրէջք են կատարել ամերիկացի տիեզերագնացները։ Նրա մասին շատ հետաքրքրական բաներ են պատմել Երկրից կառավարվող սովետական լուսնագնացները։

Լուսնագնաց

Լուսնագնացը լուսնային շարժվող գիտական լաբորատորիա է։ Առաջին լուսնագնացը 1970 թ. նոյեմբերին Լուսին է հասցվել «Լուսին-17» սովետական ավտոմատ