Խնկո Ապեր
«Ագռավը բռնեց մի խեցգետին և նստեց ծառին։ Խեցգետինն ուզեց ազատվի, կտցիցը զատվի ու ասավ նրան.
–Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը։
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
-Դու...
-Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը։ Ագռավը բացեց կտուցը ու կռռաց.
-Ե՜ս...
Կտուցը բաց անելուն պես խեցգետինը կտցից ընկավ ջուրը և իրեն ազատեց»։
Մի քանի տասնյակ տարի է արդեն, ինչ Աթաբեկ Խնկոյանի՝ ձեր սիրելի Խնկո Ապոր, «Ես» վերնագրով այս առակը զարդարում է դպրոցական դասագրքերը, հաճույք պատճառում ընթերցողներին։ Իսկ մի՞թե միայն այս առակը։ Խնկոյանի «Մկների ժողովը», «Գայլն ու գառը», «Բկլիկ ձկնիկը», «Ծիծեռնակին», «Ճանճը», «Ճպուռն ու մրջյունը», «Աքաղաղն ու կտուրը», «Խոզն ու ագռավը» առակներն ու բանաստեղծություններն արդեն քանի-քանի տարի է, հնչում են ամեն մի ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում։ «Մկների ժողովը» առակը, որ, հավանաբար, անգիր գիտեք, գրված է վարպետորեն, ամեն բառ իր տեղում է, ամեն արտահայտություն՝ բնորոշ ու հակիրճ։
Աթաբեկ Խնկոյանը ծնվել է Սպիտակի շրջանի Ղարաբոյա (այժմ՝ Խնկոյան) գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա ուսումը շարունակել Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինական) քաղաքային դպրոցում։ 1910 թ. Հովհ. Թումանյանի և «Հասկեր» ամսագրի խմբագիր Ստեփան Լիսիցյանի հրավերով Խնկո Ապերը հաստատվում է Թիֆլիսում (Թբիլիսիում)։ Մեկը մյուսի ետևից լույս են տեսնում նրա առակներն ու ոտանավորները։ Հետագայում «Հասկերը» դառնում է Խնկո Ապոր բանաստեղծական հասունացման ամուր պատվանդանը։ Երկար տարիներ նա գրական գործունեությանը զուգընթաց զբաղվել է մանկավարժությամբ, մասնակցել նախասովետական «Լուսաբեր» և «Դասընկեր» դպրոցական դասագրքերը կազմելու աշխատանքներին, անձամբ կազմել և հրատարակել է «Մեր դպրոցը» և «Կարմիր արև» դասագրքերը։ Խնկո Ապերը զվարթ ու կատակասեր մարդ էր, սիրում էր հանպատրաստից երգիծել։ Բնավորության այդ գծերը գեղարվեստական հնարանքների ու սրամիտ պատկերների միջոցով նա դրսևորել է իր առակներում՝ անաչառ խոսքով ծաղրելով մեծամտությունը, ժլատությունը, ագահությունը, շողոքորթությունն ու փառասիրությունը, մարդկային մյուս արատները։ Խնկո Ապոր կատակ ոտանավորները, առակներն ու հեքիաթները ոչ միայն զվարճացնում են, այլև հարստացնում գիտելիքները, ծանոթացնում շրջապատին, ճանաչելի դարձնում երևույթներն ու առարկաները։ Այդպիսին են, օրինակ, նրա «Մեղուն», «Լուսինը», «Մաստանը», «Դիրք», «Փիսիկ», «Խուլի այծերը», «Սերոբը» ստեղծագործությունները։
Աթաբեկ Խնկոյանը ռուս մեծ առակագիր Իվան Կռիլովի գործերի անզուգական թարգմանիչն ու տարածողն է հայ իրականության մեջ։ Երբ հայ պոեզիայի մեծ բարեկամ, ռուս նշանավոր բանաստեղծ Վալերի Բրյուսովը 1916 թ. եկավ Թիֆլիս, Հովհ. Թումանյանը Խնկո Ապորը նրա հետ ծանոթացնելիս ասաց. «Իսկական հայկական Կռիլովն է»։ Բարձր արվեստով ու կենդանի, հյութեղ լեզվով է Խնկոյանը փոխադրել Ա. Պուշկինի «Տերտերն ու իր բալդի ծառան», ինչպես նաև ռուսական ժողովրդական «Ոսկե ձվիկը», «Պապն ու շաղգամը» հեքիաթները, Մարշակի «Միստեր Թվիստեր» չափածո վիպակը։ Իր ծննդյան 50-ամյակին նվիրված երեկոյում Խնկո Ապերը պատասխան խոսքում