Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կաթ

Երբ առաջին անգամ այցելում ես կաթի գործարան, զարմանում ես. հապա ո՞ւր է կաթը։ Կարող ես երկար շրջել արտադրամասերում, տեսնել բազմապիսի մեքենաներ, միահյուսված անհաշիվ խողովակներ, բայց էլի կաթ չտեսնես։ Էքսկուրսիայի վերջում միայն, մի արտադրամասում կտեսնես հսկա մի ավտոմատ, որի վրա կարուսելի նման շրջանաձև շարժվում են մաքուր ու դատարկ շշեր։ Դրանք հերթով կանգնում են մի ձագարի տակ ու լցվում կաթով։ Իսկ կողքին, մեկ այլ շրջանի վրա, մեքենան այդ շշերին հագցնում է ալյումինե փայլաթիթեղի կափարիչներ։ Միայն այստեղ է, որ կարող ես վերջապես կաթ տեսնել։ Իսկ ինչո՞ւ են կաթն այդպես չորս կողմից խնամքով մեկուսացնում։

Ահա թե ինչու։ Կաթն արտակարգ արժեքավոր սննդանյութ է։ Նրա մեջ կան մարդուն անհրաժեշտ բոլոր նյութերը՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, զանազան աղեր և գրեթե բոլոր վիտամինները։ Բայց կաթը շուտ է փչանում, որովհետև նրա մեջ մանրէներ են թափանցում օդից, ուր նրանք միշտ էլ շատ են։ Դրա համար էլ գործարանում կաթը խողովակներով է հոսում։ Իսկ ի՞նչ անես, եթե մանրէներն արդեն կաթի մեջ թափանցել են կաթնատնտեսություններում, մինչև այն գործարան հասցնելը։

Տանը կաթը եռացնում են, մանրէները ոչնչանում են, բայց ինքը կաթը դառնում է ավելի քիչ սննդարար։ Չնայած դրան, բաց կաթը պետք է անպայման եռացնել, որովհետև նրա մեջ կարող են լինել այնպիսի մանրէներ, որոնցից մարդը հիվանդանում է։ Շշերով վաճառվող կաթը միայն կարելի է չեռացնել, որովհետև նրա մեջ գտնվող մանրէները ոչնչացել են, իսկ կաթի բոլոր սննդարար նյութերը՝ պահպանվել։ Դրա համար կաթը սկզբից լցնում են հատուկ ապարատների մեջ, 15-30 րոպե տաքացնում մինչև 60-70 աստիճան, ապա սառեցնում։ Այս տիպի մշակումը կոչվում է պաստերացում՝ ֆրանսիացի գիտնական Լուի Պաստյորի անունով։ Ներկայումս պաստերացված կաթը թողարկում են ոչ միայն շշերով, այլև թղթե տուփերով։ Դա շատ հարմար է։ Թղթե տուփը, որը ներսից պատած է անջրաթափանց թաղանթով, չորս կողմից ամուր սոսնձած է։ Ավտոմատը ճարպկորեն քանդում է այսպիսի թղթի փաթեթը, արագ կտրատում, ծրարում տուփերը, լցնում կաթով և սոսնձում։ Մանրէների մուտքն արդեն փակ է։

Կաթի գործարանում ոչ միայն մշակում են վաճառքի գնացող կաթը, այլև նրանից պատրաստում են կաթնաշոռ, պանրիկներ, ացիդոֆիլին, մածուն, թթվասեր։ Բայց այս դեպքում արդեն գործը գլուխ չի գալիս առանց օգտակար մանրէների։

Կաթի գործարանում են պատրաստում նաև կարագը։ Կաթի մեջ կան ճարպի մանրագույն կաթիլներ։ Հենց դրանք էլ պետք է հավաքել։ Սովետական ինժեներները ստեղծել են մի եղանակ, որի օգնությամբ կարագը ստացվում է ընդամենը 20 րոպեում։ Խողովակով կաթն անընդմեջ լցվում է սերզատ մեքենայի՝ շատ արագ պտտվող թմբուկի, մեջ։ Կենտրոնախույզ ուժերի ազդեցությամբ