Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երևան

Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան եզրին, ձյունափառ Մասիսների դեմ դիմաց ամֆիթատրոնի ձևով տարածվել է հայկական Սովետական Սոցիալիստական հանրապետության մայրաքաղաքը՝ Երևանը, իր մեկ միլիոնից ավելի բնակչությամբ։ Աշխարհի հնագույն քաղաքներից է Երևանը։ Մեր թվականությունից առաջ 782թ. Արգիշտի Առաջին թագավորն այժմյան Երևանի տարածքի հարավ-արևելյան կողմում հիմնեց էրեբունի բերդաքաղաքը՝ այդ մասին թողնելով սեպագիր արձանագրություն, «խալդ աստծու մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնիլիի և ի սարսափ թշնամիների...»։ Դարեր շարունակ հողի տակ մնալուց հետո այս արձանագրությունը լույս աշխարհ եկավ էրեբունին իր տակն առած Արինբերդ բլուր-հնավայրի պեղումների ժամանակ, 1950 թ. սեպտեմբերին, և դարձավ Երևանի ծննդյան վկայագիրը։ Պեղումների վայրում կառուցվեց «էրեբունի» թանգարանը, որտեղ ամփոփվեցին հայտնաբերված նյութերը։ 1968 թ. մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշվեց Երևանի հիմնադրման 2750-ամյակը: Երևանն զբաղեցնում է մոտավորապես 230 քառ. կմ տարածություն։ Ցածրադիր մասում քաղաքի մակերևույթը հարթ է, բարձրադիր մասում՝ խորդուբորդ, կտրտված։ Քաղաքի միջով հոսող Հրազդան ու Գետառ գետերը, Ջրվեժ գետակն առաջացրել են խոր, նեղ կիրճեր ու ձորեր։ Երևանի կլիման արևոտ է ու չոր։ Գարունը կարճատև է, իսկ շոգ ամառը տևում է գրեթե չորս ամիս։ Սքանչելի է Երևանի մեղմ, արևոտ ու անհողմ «ոսկե» աշունը։ Իր բազմադարյա պատմության ընթացքում Երևանն ապրել է վերելքներ ու վայրէջքներ: Առևտրական բանուկ ճանապարհների վրա գտնվելը նպաստել է, որ խաղաղ տարիներին այստեղ զարգանան առևտուրն