Մոսկվայում կա մի վայր՝ Դուրովի անկյունը, որն ստեղծել է ռուս նշանավոր կենդանավարժ Վլադիմիր Դուրովը։ Երեխաներն այստեղ կարող են տեսնել, թե ինչպես են վարժեցնում արջերին, կապիկներին, գորշուկներին, աղվեսներին, մկներին և այլ կենդանիների։
Սովետական հրաշալի կենդանավարժ Վլադիմիր Դուրովի մասին կարդացեք հետևյալ գիրքը.
Двинский Э. Я. Уголок имени В. Л. Дурова. М., «Московский раобий», 1970.
Կենդանիների ընտելացում
Մի ժամանակ, հազարամյակներ առաջ, բոլոր կենդանիները վայրի էին։ Նախնադարյան մարդն սկսեց աստիճանաբար ընտելացնել որոշ կենդանիների։ Հնարավոր է, որ մարդիկ սկզբում գայլերի ոհմակին պարզապես թույլ էին տալիս որս անելու իրենց կողքին, սնվելու իրենց կերակրի մնացորդներով և միաժամանակ պահպանելու բնակատեղին։ Բայց հետզհետե, գնահատելով իրենց չորքոտանի ուղեկիցներին, մարդիկ սկսեցին հատուկ կերակրել նրանց, իսկ հետո էլ մեծացնել նրանց ձագերին։ Այդպես հայտնվեց մարդու առաջին չորքոտանի բարեկամը շունը։ Նկատելով, որ ավելի շահավետ է կովերի նախիրները, ոչխարների ու եղջերուների հոտերը մշտապես կողքին ունենալը, քան դրանք որսի ժամանակ ձեռք բերելը, մարդիկ սկսեցին ընտելացնել զանազան անասունների։ Համեղ և սննդարար կաթը, որ կարելի էր կթել ընտելացված կենդանիներից, դարձավ մարդու հիմնական սննդամթերքներից մեկը։ Գնալով մարդիկ ավելի շատ ու լավ էին խնամում կենդանիներին, հոտերը պաշտպանում էին գիշատիչներից, կեր էին կուտակում, ապահով փարախներ ու տաք գոմեր սարքում։ Այդպես առաջացավ անասնապահությունը, որը երկրագործության հետ միասին դարձավ մարդկանց ամենակարևոր զբաղմունքներից մեկը։ Ընտանի կենդանիներ շատ կան՝ շներ, կատուներ, ձիեր, եղջերուներ, ուղտեր և ուղտայծեր (լամաներ), կովեր, ոչխարներ, խոզեր, այծեր, ճագարներ, զանազան թռչուններ. կան, նույնիսկ, «ընտանի» միջատներ` մեղուներ ու շերամորդեր։ Նրանք բոլորն էլ ապրում են մարդու կողքին, վայելում նրա հոգատարությունը, սերունդ տալիս։ Մարդու ազդեցությամբ նրանք նաև շատ փոխվել են. ընտանի խոզը, կովը, ոչխարը քիչ բանով են նման իրենց վայրի նախնիներին՝ վարազին, վայրի ցուլին, լեռնային ոչխարին։ Այսօր կարելի է գրեթե ընտանի կենդանիներ համարել նաև գազանաբուծական ֆերմաների բնակիչներին՝ սևագորշ աղվեսին, ջրաքիսին, սամույրին։ Եվ նրանց «ընտանիացման» ապացույցներից մեկը բնության մեջ չլսված-չտեսնված սպիտակ, երկնագույն, հարդավարդագույն ջրաքիսների ու պլատինագույն աղվեսների երևան գալն է։ Մարդը կենդանուն փոփոխության էր ենթարկում` ելնելով իր շահերից։ Եվ ընտանի կենդանիներն աստիճանաբար կորցրին իրենց այն հատկությունները, որոնց շնորհիվ կարողանում էին գոյատևել բնության մեջ։ Վարազը պետք է ունենա գորշ պաշտպանիչ գույն, արագավազ ոտքեր, ուժեղ դունչ։ Իսկ վարդագույն ու բտված ընտանի խոզը, որը հազիվ է քաշ տալիս ոտքերը, չի կարող վայրի ապրելակերպ վարել և մարդու խնամքի կարիքն է զգում։ Ընտանի կենդանիների շարքում առանձնանում է հնդկական փիղը։ Փղերը բանելու ունակություն ձեռք են բերում քառասուն տարեկան հասակում։ Այդ պատճառով էլ նրանց պահելն ու բուծելը մարդու համար օգտավետ չէ։ Եվ հնագույն ժամանակներից սկսած փղերին ամեն անգամ նորից են ընտելացնում։ Նրանց որսում են ջունգլիներում` հատուկ վարժեցված ձեռնասուն փղերի օգնությամբ։