օրգանիզմն այն ծախսում է ողջ ձմեռ։ Այդպես են քնում արջերը, գորշուկները (փորսուղները), գերմանամկները, գետնասկյուռները, ոզնիները։ Ավելի «խորն» են քնում երկկենցաղներն ու սողունները։ Ձմռանը բներում ու ճեղքերում քուն են մտնում օձերը, մողեսները և շատ միջատներ։ Բոլոր կենդանիները չէ, անշուշտ, որ ձմեռային քուն են մտնում։ Շատ գազաններ կեր են գտնում նաև ձմռանը, իսկ դաժան ցրտերից պաշտպանվում են իրենց մորթիով։
Կենդանիների փոխօգնություն
Գոյության կռվում կենդանիները թշնամանում են, բայց և շատերն էլ բարեկամանում և օգնում են միմյանց։ Ափամերձ կղզիներում հաճախ միլիոնավոր թռչուններ են բնադրում։ Այն վայրերը, ուր նրանք հատկապես շատ են, անվանում են թռչնաշուկաներ, որովհետև այնտեղ աներևակայելի աղմուկ է լինում։ Երբեմն թռչունները կռվում են իրար հետ, բայց միասին են հալածում գիշատիչ թռչուններին։ Մրջյունները վարժվել են ուտիճներից քաղցր հյութ «կթել»։ Փոքրիկ աշխատավորները փնտրում գտնում են ուտիճներին, պահպանում նրանց ու նրանց ձվերը և մի ծառ–«արոտավայրից» մյուսը փոխադրում։ Այդ միությունից ուտիճն ստանում է պաշտպանություն ու խնամք, իսկ մրջյունը` սնունդ։
Ակտինիա (կամ ծովապուտ) կոչվող կենդանին շատ նման է ծաղկի։ Նրա տեսքով խաբված ձկնիկներն անզգուշորեն մոտ են լողում ծաղկաթերթիկների նմանվող շոշափուկներին, որոնք դաղում ու բռնում են ավարը։ Բայց ակտինիան ինքը շատ դանդաղ է տեղից տեղ շարժվում։ Նրա համար «երիվար» է դարձել մենակյաց խեցգետինը, որին և «հեծած» տեղաշարժվում է ակտինիան։ Խեցգետինը նույնիսկ ինքն է հարմար ակտինիա փնտրում, որ նրան իր խեցիին նստեցնի։ Ի նշան «երախտագիտության», ակտինիան իր շոշափուկներով խրտնեցնում է խեցգետնի թշնամիներին։ Ճապոնական ծովում այդ միության մեջ ակտինիայի տեղը երբեմն զբաղեցնում է