Լեռնային հորդառատ գետերի վրա ստեղծվել են ջրամբարներ ու էլեկտրակայաններ: Կիրգիզիայի գլխավոր գետի` Նարինի, վրա կառուցվել են մի շարք ջրամբարներ ու ՀԷԿ-եր: Այստեղից բազմաթիվ ջրանցքներով ջուր են ստանում դաշտերն ու հովիտները, քաղաքներին, գյուղերին, գործարաններին մատակարարվում է էլեկտրաէներգիա։
Կիրգիզական ՍՍՀ-ի մայրաքաղաք Ֆրունզեն դարձել է մեծ ու գեղեցիկ արդյունաբերական քաղաք։ Այն այդպես է կոչվում ի պատիվ կարմիր բանակի հայտնի զորավար Մ. Վ. Ֆրունզեի, որն այստեղ է ծնվել։ Այն ժամանակ դա փոշոտ ու խուլ Պիշպեկ փոքր քաղաքն էր, որն ավելի շուտ նման էր գյուղի։ Այժմ Ֆրունզե քաղաքն իր ավելի քան կես միլիոն բնակչությամբ Կիրգիզիայի հպարտությունն է։ Մեծ այգի հիշեցնող այդ քաղաքում հաճելի է ապրելը, աշխատելը, սովորելն ու հանգստանալը։
Կիրով Սերգեյ Միրոնովիչ
Սերյոժա Կոստրիկովի (այդպես էր Աերգեյ Միրոնովիչ Կիրովի իսկական ազգանունը) մանկությունն անցել է Վյատկա գետի ափին գտնվող Ուրժում փոքրիկ քաղաքում։ Նա վաղ էր զրկվել ծնողներից և ապրում էր մանկատանը։ Սովորում էր նա Ուրժումի քաղաքային ուսումնարանում։ Որպես լավագույն աշակերտի Սերգեյին այնուհետև ուղարկում են Կազանի մեխանիկական-տեխնիկական ուսումնարանը, որն ավարտում է 1904 թ.։
Նույն թվականին նա գալիս է Տոմսկ և այդ ժամանակվանից էլ ակտիվորեն ներգրավվում հեղափոխական պայքարի մեջ, դառնում պրոֆեսիոնալ հեղափոխական։
Նա ղեկավարում էր բանվորական գործադուլները, Տոմսկի ծայրամասում գտնվող փայտաշեն մի տնակում կազմակերպել էր ընդհատակյա տպարան։ Ոստիկանները խուզարկեցին տունը, բայց տպարանն այդպես էլ չգտան և Սերգեյ Կոստրիկովին շուտով ազատ արձակեցին։
Սերգեյ Միրոնովիչը մեկնեց Վլադիկավկազ (այժմ՝ Օրջոնիկիձե) քաղաքը։ Եվ ավելի քան երկու տարի ոստիկանությունը չէր էլ կասկածում, որ բոլշևիկների ընդհատակյա աշխատանքը, գործադուլները, թռուցիկների տարածումը ղեկավարում է Սերգեյ Կոստրիկովը։ Ավելի ուշ նա ընդունեց Կիրով անունը, որը և դարձավ նրա կուսակցական կեղծանունը։
Ժանդարմներն այնուամենայնիվ իմացան տպարանի հետ կապված պատմության մասին։ Սերգեյ Միրոնովիչին ձերբակալեցին, բերեցին Տոմսկ, բայց տեղի ոստիկանությունը հանձին «Թերեք» թերթի այս պճնազգեստ աշխատակցի չճանաչեց նախկին երիտասարդ բանվորին, և այդ անգամ նրան հաջողվեց խուսափել բանտարկությունից։
Կիրովին ձերբակալել են մի քանի անգամ։ Բայց նա երբեք չէր կորցնում իր արիությունն ու հավատը սոցիալիստական հեղափոխության հաղթանակի հանդեպ։
1917 թ. հոկտեմբերին Կիրովը եկավ Պետրոգրադ։ Նա ակտիվորեն մասնակցեց հոկտեմբերյան զինված ապստամբությանը, սովետների համառուսաստանյան 2-րդ համագումարի աշխատանքներին, համագումար, որը հռչակեց սովետական իշխանության հաստատումը։
Քաղաքացիական պատերազմի տարիներին Կիրովը մեկն էր նրանցից, ովքեր կազմակերպեցին կարմիր բանակի փառապանծ հաղթանակները սպիտակգվարդիականների դեմ՝ Հյուսիսային Կովկասում և Վոլգայի շրջանում։
Նա մեծ ավանդ ունի ՍՍՀՍ–ում ժողովրդական տնտեսության վերականգնման, սոցիալիզմի կառուցման գործում։ Ադրբեջանում, ապա Լենինգրադում կուսակցական ղեկավար աշխատանք կատարելու տարիներին Կիրովը լուծում էր տնտեսության զարգացման կարևորագույն հարցեր։ Ամեն ինչ հուզում և մտահոգում էր Սերգեյ Միրոնովիչին՝ Բաքվի նավթի արդյունահանումն ու խիբինյան տունդրայի