Իրենն ու Ֆրեդերիկն ուզում էին, որ ատոմային էներգիան օգնի մարդկանց՝ բուժի, լույս ու ջերմություն պարգևի, շարժման մեջ դնի մեքենաները։ Նրանք դեմ էին ֆաշիզմին, պատերազմին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, վտանգելով իր կյանքը, Ֆրեդերիկը գաղտնի էր պահում այն փաստաթղթերը, որոնց օգնությամբ ֆաշիստները կարող էին իմանալ ատոմային ռումբի գաղտնիքը։ Ֆրեդերիկն ու Իրենը ջերմորեն պաշտպանում էին խաղաղությունը։ Նրանց հալածում, հետապնդում էին, բայց գիտնականներն աննկուն էին։ Նրանք պայքարում էին հանուն այն բանի, որ ատոմը ծառայի խաղաղությանը։
Կնունյանց Բոգդան Միրզաջանի
1905 թ. մարտին Մոսկվայի դատական պալատում տեղի էր ունենում փակ դատավարություն։ Դատում էին հեղափոխական ականավոր գործիչ, բոլշևիկ Բոգդան Կնունյանցին։ Նա մեղադրվում էր ցարական կառավարության դեմ հանդես գալու, նրա վարած քաղաքականությունը խարազանելու մեջ։ Դատախազը պահանջում էր մեղադրյալին դատապարտել 8 տարվա տաժանակրության։ Սակայն տեղի ունեցավ անսպասելին։ Ցարական ինքնակալությունն ու դատարանը մերկացնող իր փայլուն ճառով մեղադրյալն ինքը դարձավ մեղադրող, «...դուք հանձն եք առնում դատել հեղափոխականին այն ժամանակ, երբ դրսում հեղափոխություն է, դուք հանձն եք առնում պաշտպանել մի ռեժիմ, որը պատմության կողմից դատապարտված է կործանման,– ասում էր Կնունյանցը։ Դե դատեցեք, պարոնայք դատավորներ, իսկ մեզ ձեզ հետ միասին հեղափոխությունը կդատի»։
«Դատ դատի դեմ»՝ այսպես արժեքավորեց Վ. Ի. Լենինը Կնունյանցի ճառը, որը շուտով տպագրվեց բոլշևիկյան մամուլում և տարածվեց ողջ Ռուսաստանում։
Դատավարությունից մի շաբաթ անց Կնունյանցը երաշխավորությամբ ազատվեց բանտից։
Բոգդան Կնունյանցը ծնվել է Ննգի գյուղում (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում), ուսուցչի ընտանիքում։ Շուշիի ռեալական ուսումնարանը գերազանց գնահատականներով ավարտելուց հետո նա եղբոր՝ հետագայում նույնպես հեղափոխական գործիչ Լյուդվիգ Կնունյանցի, հետ տեղափոխվում է Թիֆլիս (Թբիլիսի), ուր մոտիկից ծանոթանում է մարքսիստական գրականությանը, սերտ կապեր հաստատում Թիֆլիս աքսորված ռուս մարքսիստների հետ։ 1896 թ. նա մեկնում է Պետերբուրգ և ընդունվում տեխնոլոգիական ինստիտուտ: Ուսումնառության տարիներին Կնունյանցը երիտասարդական հեղափոխական շարժումների ակտիվ մասնակիցներից ու կազմակերպիչներից էր, որի համար երկու անգամ վտարվել է ինստիտուտից: 1897 թ. նա անդամագրվում է կոմունիստական կուսակցությանը, մտնում Վ. Ի. Լենինի ստեղծած Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միություն» կազմակերպության մեջ։ Այդ ժամանակից էլ սկսվեց նրա անխոնջ հեղափոխական գործունեությունը, որի ընթացքում նա հանդես եկավ Ռուսով, Ռուբեն, Բակինեց, Կավկազեց և այլ կեղծանուններով:
1901 թ. Կնունյանցը ձերբակալվում է և աքսորվում Բաքու։ Հեղափոխական այլ գործիչների հետ նա ստեղծում ու ղեկավարում է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) Բաքվի կոմիտեն, Անդրկովկասում հիմնադրում կուսակցական կազմակերպություններ, լայն աշխատանք տանում բանվորների շրջանում: 1903 թ. Կնունյանցը որպես ՌՍԴԲԿ-ի 2-րդ համագումարի պատգամավոր