Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/297

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Կոլտնտեսություններում մարդիկ միասին աշխատում, միասին էլ վճռում են տնտեսության կարևոր հարցերը։ Ժողովներում կոլտնտեսականները քննարկում են իրենց գործերը, ընտրում կոլտնտեսության վարչություն և նախագահ։ Աշխատանքն էլ արդարացի է վարձատրվում, լավ ես աշխատել շատ դրամ ու մթերք կստանաս, վատ ես աշխատել՝ քիչ կստանաս։ Եվ ոչ ոք չի նեղանում, կոլտնտեսականներն իրենք են տեսնում, ով ինչպես է աշխատել և որքան է վաստակել։ Նման կոլեկտիվ տնտեսություններ հնարավոր է ստեղծել միայն սոցիալիստական երկրներում, ուր տերն ինքը՝ ժողովուրդն է:

Կոլումբոս Քրիստափոր

Այսօր մենք չենք կարող երկրագունդը պատկերացնել առանց Հարավային ու Հյուսիսային Ամերիկայի և Խաղաղ օվկիանոսի։ Մինչդեռ ընդամենը հինգ դար առաջ, 15-րդ դարի վերջին, Եվրոպայում դրանց գոյության մասին ոչ ոք չգիտեր: Ահա այդ ժամանակ էր, որ ծագումով իտալացի (Ջենովա քաղաքից) ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը, Հնդկաստան և Չինաստան տանող ծովային ուղի գտնելու նպատակով, վճռեց նավարկել ոչ թե դեպի արևելք, Աֆրիկայի շուրջը, այլ դեպի արևմուտք, կտրելով Ատլանտյան օվկիանոսը։ Նա գիտեր, որ Երկիրը գնդաձև է, ուրեմն, խորհում էր նա, եթե անվերջ նավարկես դեպի արևմուտք, անպայման կհասնես Հնդկաստան։ Այն ժամանակ նրա ծրագիրն անմտություն էր թվում, հնարավո՞ր է, միթե, փոքրիկ, դյուրաբեկ նավերով կտրել անցնել մի օվկիանոս, որի մասին ոչինչ հայտնի չէ։ Երկար տարիների պայքարից, նվաստացումներից ու հուսախաբություններից հետո Կոլումբոսին այնուամենայնիվ հաջողվեց համոզել իսպանական թագավորներին,