Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իսկ այնուհետև երիտգվարդիականները հրդեհեցին այն շենքը, ուր պահվում էին բռնությամբ Գերմանիա քշվելու ենթակա մարդկանց ցուցակները։ Մոտ երկու հազար կրասնոդոնցիներ փրկվեցին ֆաշիստական ստրկության տարվելուց։ Քաղաքի ընդհատակյա կուսակցական կազմակերպությունը և «Երիտասարդ գվարդիան» Կրասնոդոնում գտնվող ֆաշիստներին ոչնչացնելու և սովետական բանակին ընդառաջ գնալու նպատակով զինված ապստամբություն նախապատրաստեցին։ Բայց մի դավաճան խիզախ ընդհատակայիններին մատնեց թշնամուն։ Ձերբակալված անվեհեր կոմերիտականներին ֆաշիստները ենթարկեցին դաժան տանջանքների, բայց նրանցից և ոչ մեկից դահիճները գթության աղերսանք չլսեցին, ոչ մեկը չդրժեց հայրենիքին տված երդումը: Իրենց վերջին ճանապարհը դեպի կախաղան երիտգվարդիականներն անցան գլուխները բարձր պահած, Լենինի սիրած երգը շրթներին.

Ծանր բռնության մեջ տանջված
Փառավոր մահով դու ննջեցիր:

«Երիտասարդ գվարդիայի» շտաբի անդամներ Օլեգ Կոշևոյը, Ուլյանա Գրոմովան, Իվան Ջեմնուխովը, Սերգեյ Տյուլենինը և Լյուբա Շևցովան ետմահու արժանացան Սովետական Միության հերոսի կոչման։ Երիտգվարդիականների շարքերում էին նաև հայազգի Գևորգ (Ժորա) Հարությունյանցը և Մայա Փահլևանյանը (Պեգլիվանովան)։ Երիտգվարդիականների հերոսական սխրանքի մասին սովետական գրող Ալեքսանդր Ֆադեևը գրել է «Երիտասարդ գվարդիա» վեպը։ Նրանց մասին պատմում է նաև համանուն կինոֆիլմը։

Կարդացեք Օլեգ Կոշևոյի մոր գիրքը. Կոշևայա Ե. Ն., Պատմվածք որդուս մասին, Ե., «Հայպետհրատ», 1950

Երկաթ

Մի քանի հազար տարի է արդեն, ինչ երկաթը հայտնի է մարդուն, բայց նրան ամբողջությամբ ծառայում է ընդամենը հարյուր տարի։ Այդ մետաղն այնքան անհրաժեշտ է դարձել, որ մեր կյանքն առանց նրա հնարավոր չէ պատկերացնել։ Երկաթը մեքենա է ու հաստոց, գնացք ու ինքնաթիռ, ավտոմոբիլ ու խաղալիք, արդուկ ու լվացքի մեքենա... Հնարավոր չէ գտնել մարդուն ավելի անհրաժեշտ մի մետաղ, քան երկաթն է։ Այն ենթարկվում է ցանկացած մշակման՝ կարելի է հալել, ձգել դարձնել մետաղալար, կռել, դրոշմել, կտրել... Ժամանակակից տեխնիկայում երկաթը կիրառվում է, գլխավորապես, զանազան նյութերի, ավելի հաճախ՝ ածխածնի հետ համաձուլվածքներ կազմած։ Երբ համաձուլվածքում ածխածինը շատ է, երկաթն ամուր է, բայց խիստ փխրուն։ Դա թուջն է։ Եթե ածխածնի քանակը քիչ ավելի պակաս է, մետաղն ավելի ամուր է, ճկուն, առաձգական, բայց դեռևս փխրուն է։ Դա պողպատն է։ Երբ ածխածինն ավելի քիչ է, երկաթը դառնում է փափուկ և հեշտությամբ, առանց կոտրվելու, ճկվում։ Եթե պողպատին ավելացնենք որոշակի նյութեր, կարելի է ստանալ լեգիրված պողպատ, որը չի ժանգոտվում կամ չի կոտրվում, չի վախենում ամենաթեժ կրակից, կամ էլ չի քայքայվում ամենաուժեղ թթուներից։ Բայց երկաթն ունի նաև թերություններ՝ շատ ծանր է և ժանգոտվող։ Եվ կոնստրուկտորներն ավելի հաճախակի են երկաթը փոխարինում ուրիշ, բավականաչափ ամուր, բայց ավելի թեթև նյութերով` ալյումինով, պլաստմասսայով, ապակիով... Սակայն դեռ վաղ է երկաթն «արխիվ հանձնելը»։ Գիտնականները ոչ միայն սովորել են երկաթի այնպիսի տեսակներ ստանալ, որոնք չեն վախենում ժանգից, կրակից, թթուներից, այլև, բացահայտելով ատոմների գաղտնիքը, հասկացել են, թե ինչպես կարելի է վերադասավորել երկաթի ատոմները։ Այդ դեպքում երկաթը տասնապատիկ անգամ ամուր է դառնում։ Եթե պլաստմասսան դառնում է այնպես ամուր, ինչպես երկաթն է, ապա երկաթն էլ կդառնա աշխատանքի համար նույնքան թեթև ու հարմար, ինչպես պլաստմասսան է։ Եվ նրանք ոչ թե կփոխարինեն մեկը մյուսին, այլ միասին կծառայեն մարդուն։

Երկաթբետոն

–տես Բետոն և երկաթբետոն

Երկաթի դար

–տես Մետաղների դարեր