Կրիաներ կան, որոնք ցամաքային են և ապրում են բացառապես ցամաքում, ուրիշներ էլ կան, որոնց կյանքը սերտորեն կապված է ջրի հետ։ Այս վերջին տեսակի կրիաների մեջ էլ կան այնպիսիները, որոնք ապրում են անուշահամ ջրերում, կան՝ որ ծովերում։ Դրանցից շատերը հիանալի լողում են, ջրում արագաշարժ են ու ճարպիկ, չնայած ցամաքում ծանրաշարժ են ու դանդաղկոտ։ Կան շատ փոքրիկ կրիաներ, կան և փղի չափ մեծերը, որոնց քաշը երբեմն հասնում է 400 կգ-ի։
Կրիաները սերում են ցամաքային հնագույն, անհետացած սողունների մի ճյուղից՝ կոտիլոզավրերից։ Դարավոր զարգացման ընթացքում նրանցից շատերն աստիճանաբար հարմարվել են անուշահամ ջրերում ու ծովերում ապրելու պայմաններին։ Կրիաները տարածված են ամենուրեք, բացի Անտարկտիդայից։ Այժմ հայտնի է կրիաների 210 տեսակ։ Նրանցից յոթը հանդիպում է ՍՍՀՄ-ում, երեքը՝ միջերկրածովյան, կասպիական և ճահճային կրիաները՝ նաև մեր հանրապետության տարածքում։
Ցամաքային և ծովային կրիաներն առավելապես բուսակեր են, բայց ծովային կրիաները երբեմն նաև ձուկ են որսում։ Անուշահամ ջրերում ապրող կրիաները սնվում են մանր փափկամորթներով, ձկներով, երկկենցաղներով, հազվադեպ՝ բույսերով։ Կրիաները կարող են նաև մի քանի ամիս ոչինչ չուտել։ Կրիաները ջերմասեր կենդանիներ են։ Տարվա ցուրտ եղանակներին նրանք թմրած վիճակի մեջ են ընկնում և կարող են ձմեռային ու գարնանային քուն մտնել։
Բոլոր տեսակի, անգամ ջրում ապրող կրիաները ձվադրում են ցամաքում։ Դնում են մեկից մինչև 400 ձու։ Էգերը ձվերը թաղում են ավազի կամ հողի մեջ և իրենց սերնդի համար այլևս չեն մտահոգվում։ Ձվից դուրս եկած փոքրիկ կրիաներն սկսում են անմիջապես ինքնուրույն կյանք վարել։ Սկզբնական շրջանում սրանք արագ են աճում, հետագայում աճը դանդաղում է։ Հետաքրքիրն այն է, որ կրիաներն աճում են ողջ կյանքի ընթացքում։ Նրանք ապրում են երկար, շատ տեսակներ՝ մինչև 100 և ավելի տարիներ։ Կրիաներն իրենց զրահը չեն փոխում։ Միշտ չէ, որ կրիաներն ապրում են մինչև խոր ծերություն, նրանցից շատերը ոչնչանում են վաղ շրջանում, երբ ոսկրային զրահը դեռ կարծրացած չի լինում։ Լինում է նաև, որ զրահը չի փրկում նույնիսկ հասուն կրիային, գիշատիչ թռչուններն ու գազանները կարողանում են կրիային պոկել հանել զրահի միջից։ Կրիաներին ոչնչացնում են նաև մարդիկ, նրա զրահից պատրաստում զանազան իրեր, իսկ շատ երկրներում նրա ձուն և միսը համարվում են համեղ ուտելիք։ Կրիաներին հաճախ պահում են տեռարիումներում։ Նրանց խնամելը դժվար չէ, բայց, այնուամենայնիվ, նրանք խնամքի կարիք ավելի ունեն, քան թվում է: Ամենագլխավորն այն է, որ նրանց հարկավոր է որոշակի ջերմաստիճան և համապատասխան սնունդ։ Վատ խնամքի դեպքում նըրանք հիվանդանում և մեռնում են։ Դպրոցականները կրիաներ են պահում ու խնամում նաև դպրոցների կենդանի բնության անկյուններում։
Կրծողներ
Փոքրիկ, 5 սմ երկարությամբ և մի քանի գրամ քաշով մուկ ու մետրանոց, մինչև 30 կգ քաշով կուղբ, ճարպիկ, թեթև սկյուռ ու անճոռնի, փշոտ խոզուկ, ծառաբնակ քնամոլ ու դանդաղաշարժ տափաստանային արջամուկ, շոգ, չոր տափաստանների և անապատների բնակիչ ճագարամուկ ու սառցաշունչ տունդրայի բնակիչ լեմինգ, մշկամուկ, շերտավոր սկյուռ ու ճահճակուղբ...
Ի՞նչ ընդհանուր բան կարող է լինել և՛ չափերով, և՛ արտաքինով, և՛ կենսակերպով այսքան տարբեր կենդանիների միջև։ Սրանք բոլորն էլ կրծողներ են։ Անունն արդեն հուշում է, թե ինչպես են սնվում այս կենդանիները։ Գրեթե բոլոր կրծողները բուսակերներ են։ Նրանց առաջին տարբերիչ հատկանիշը ատամներն են։ Նրանք ժանիքներ չունեն, բայց դրա փոխարեն կտրիչները երկար են, ամուր ու շատ սուր։ Մշտական «աշխատանքից» կտրիչներն աստիճանաբար մաշվում են, բայց հետո նորից են աճում։
Կրծողների կարելի է հանդիպել ամենուրեք՝ հեռավոր հյուսիսում ու տոթ անապատում, բարձր լեռներում ու անտառներում։ Շատ կրծողներով, հատկապես մկնանմաններով, սնվում են գիշատիչ թռչունները, առաջին հերթին՝ բվերը։ Նրանց որսում են նաև մուշտակամորթ գազանները՝ աղվեսներն ու կնգումները (սպիտակ կզաքիսները), կզաքիսներն ու սամույրները, ժանտաքիսներն ու աքիսները։ Եթե կրծողները ոչնչանան, ապա այս բոլոր գիշատիչները սովից կսատկեն։ Բացի դրանից, կրծողների