Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սորուն նյութերը ցորենը, ալյուրը, և հեղուկները՝ ձեթը, գինին, պահվում էին կավե կլոր, հսկայական կարասներում։ Պետք էր իմանալ նաև այդ կարասների ծավալը։ Այս բոլոր առօրեական պահանջները խթանեցին երկրաչափության զարգացումը («երկրաչափություն» բառն ինքը նշում է այդ գիտության ծագման հիմքերը)։ Բայց այն ժամանակ էլ արդեն երկրաչափությունն այնպիսի տեղեկություններ էր պարունակում, որոնք չէին սահմանափակվում հողամասերի չափումով միայն։ Անցան հազարավոր տարիներ։ Եվ այսօր անչափ աճել է երկրաչափության նշանակությունը մարդկանց աշխատանքում ու կյանքում։ Աճել է նաև գիտությունն ինքը, շատ սերունդների գիտնականներ են այն լրացրել բազմաթիվ կարևոր տվյալներով։ Այսօր դժվար է գտնել մի մասնագիտություն, որի համար երկրաչափությունն ավելորդ լինի։ Չէ? որ մարդիկ կառուցում են քաղաքներ ու ամբարտակներ, ավտոմոբիլային խճուղիներ ու հիդրոկայաններ, հորինում բարդ մեքենաներ, ուսումնասիրում աստղային երկինքը, նավարկում ծովերով ու օվկիանոսներով, հաշվարկում տիեզերանավերի երթուղիները... Եվ բոլոր այս գործերում մարդկանց պետք է գալիս երկրաչափությունը, մի գիտություն, որն ուսումնասիրում է պատկերների ձևերն ու նրանց տարածական հարաբերակցությունը։

Երկրի բևեռներ

Լուծեք հետևյալ խնդիրը. հնարավո՞ր է, արդյոք, կառուցել այնպիսի մի տուն, որի բոլոր չորս պատերը նայեն դեպի հարավ։ Մի շտապեք պատասխանել, թե անհնար է։ Լավ մտածեք։ Դուք գիտեք, որ Երկիրը գնդաձև է։ Եթե ուղղություն վերցնենք ճիշտ դեպի հյուսիս և հասնենք Հյուսիսային բևեռ, ապա այնտեղից բոլոր ճանապարհները կտանեն արդեն դեպի հարավ։ Ուրեմն, ստացվում է, որ Հյուսիսային բևեռում կառուցված տան բոլոր պատուհանները կնայեն դեպի հարավ, որովհետև այնտեղ այլ ուղղություններ պարզապես չկան։ Երկիրը պտտվում է երևակայական մի առանցքի շուրջը, որն անցնում է մեր մոլորակի հյուսիսային և հարավային բևեռներով։ Բևեռներն իրենք անշարժ են, եթե չհաշվենք, որ Երկրի հետ պտտվում են Արեգակի շուրջը։ Վերցրեք գլոբուսը և նրա հետ մի պտույտ կատարեք սեղանի շուրջը, որի վրա լուսամփոփ է վառվում։ Ընդ որում գլոբուսը դանդաղորեն պտտեք նաև իր առանցքի շուրջը։ Եթե սեղանի շուրջը պտտվելու ընթացքում դուք գլոբուսը պտտեք 365 անգամ, ապա կստացվի երկրագնդի շարժման բավականին ճշգրիտ մոդելը։ Իսկ եթե հետևեք նաև, թե գլոբուսի տարբեր մասերում