կծկվում է, իսկ քթանցքերը լայն բացվում են, և մարդը քթով շնչում է հեշտությամբ ու ազատ։ Եթե դուք վաղ առավոտյան դուրս գաք դաշտ, գնաք անտառ կամ ծովափ, ապա կզգաք, թե որքան հեշտ է շնչելը։ Սակայն լինում է և այլ կերպ, անոթներն ընդլայնվում են, լորձաթաղանթն ուռչում է և փակում քթանցքերը։ Օդի մուտքը օրգանիզմ սահմանափակվում է։ Դա տեղի է ունենում, սովորաբար, այն ժամանակ, երբ մարդ մտնում է աղտոտված, ծանր օդով լի սենյակ։ Ճաշակելիքի օրգանը լեզուն է։ Այն ծածկված է անհամար մանր պտկիկներով, որոնք որոշում են, թե ինչ համի ուտելիք կա բերանում` քաղցր թե թթու, աղի թե կծու։ Որոշում են և այդ մասին հայտնում գլխուղեղին։ Լեզվի ծայրն առանձնապես զգայուն է քաղցրի նկատմամբ։ Բավական է` լիզես պաղպաղակը, և անմիջապես կզգաս նրա համը։ Լեզվի եզրերն ամենից լավ զգում են թթու և աղի, իսկ հիմքը՝ կծու և դառը համերը։ Լեզուն նույնպես մեր «պարեկներից» է։ Եթե պատահաբար մեր բերանը դնենք օրգանիզմի համար վնասակար որևէ տհաճ կամ ոչ թարմ մի բան, լեզուն անմիջապես կզգա, և մենք, առանց մտածելու, դուրս կթքենք այն։ Այն մասին, թե ինչպես է մեզ պաշտպանում մաշկը, կարդացեք «Մաշկ» զրույցում։ Նա մեր հինգերորդ զգայարանի՝ շոշափելիքի, «վարիչն» է։ Եթե մենք շոշափումը, հպումը չզգայինք, շարունակ վերքեր ու այրվածքներ կստանայինք։ Չէ՞ որ հենց մաշկն է մեզ զգուշացնում, որ հպվել ենք տաք առարկայի, և մենք իսկույն ետ ենք քաշում ձեռքը։ Իսկ թե ինչպես են զգայարանների ազդանշանները հասնում գլխուղեղին և ինչպես է գլխուղեղը պատասխանում դրանց, կարդացեք «Գլխուղեղ» և «Նյարդային համակարգ» զրույցներում։
Զոհրապ Գրիգոր Խաչիկի
1915 թվականին թուրքական կառավարությունը կազմակերպեց արևմտահայության զանգվածային ջարդեր։ Այդ մեծ եղեռնին զոհ գնացին մեկուկես միլիոն հայեր։ Զոհվածների թվում էին հայ մշակույթի բազմաթիվ ականավոր գործիչներ, որոնցից էր նաև հռչակավոր գրող ու հրապարակախոս Գրիգոր Զոհրապը։ Գ. Զոհրապը ծնվել է հայաշատ Կոստանդնուպոլսում, որն այն ժամանակ Թուրքիայի մայրաքաղաքն էր։ Ծննդավայրի հայկական դպրոցներում տարրական և միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակում է երկու բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ստանալով նախ ճարտարագետի (ինժեների), ապա՝ իրավաբանի մասնագիտություններ: Կարճ ժամանակում նա դառնում է Կ. Պոլսի հայտնի փաստաբաններից մեկը և մեծ հեղինակություն նվաճում տեղի հայ և թուրք բնակչության շրջաններում։ Զոհրապը ոչ միայն կատարելապես տիրապետում էր իրավաբանի մասնագիտության նրբերանգներին, այլև փայլուն հռետոր էր, նրա խոսքը ազդեցիկ էր ու դիպուկ։ Քանի-քանի անմեղ մարդիկ՝ հայ, հույն և բուլղարացի քաղաքական մեղադրյալներ են արդարացվել նրա դատապաշտպանական փայլուն ճառերի շնորհիվ։ Դա, անշուշտ, դուր չէր գալիս իշխանություններին, և Զոհրապին արգելում են աշխատել իրավաբանի մասնագիտությամբ։ Բայց Զոհրապն արդեն մեծ անուն ու հռչակ էր վաստակել նաև որպես գրող։ 1880-ական թվականների վերջերից սկսել էին տպագրվել նրա գրական ստեղծագործությունները, հատկապես, նորավեպերը (նովելները)։ Զոհրապը դարձել էր պոլսահայ գրական կյանքի ոգին ու կազմակերպիչը։ Իր գեղարվեստական գործերով ու