լուծել: Նույնիսկ ամենահասարակ խնդիրը։ Մեքենային նախ պետք է սովորեցնել ճիշտ հաշվել, գումարել ու հանել թվերը։ Հարկավոր է ցույց տալ, թե ինչպես պետք է խնդիրը բաժանել առանձին գործողությունների և ինչ հաջորդականությամբ կատարել դրանք։ ԷՀՄ-ներն ունեն նաև իրենց դասագրքերը, որոնց անվանում են ծրագրեր։ ԷՀՄ-ն սովորում է ծրագիրը, մտքում պահում այն, ապա լուծում խնդիրները։ Այդ դասագրքերն էլ տարբեր են լինում։ Օրինակ, մաթեմատիկափ դասագիրքը մաթեմատիկական խնդիրներ լուծելու ծրագիրն է, տիեզերագնացության դասագիրքը տիեզերանավի և Երկրի արհեստական արբանյակի թռիչքը կառավարելու ծրագիրը։ ԷՀՄ-ի ծրագրերը կազմում են գիտական աշխատողները՝ ծրագրավորողները։ Եթե ծրագիրը ճիշտ է կազմված, ԷՀՄ-ն հաջող է աշխատում։ ԷՀՄ-ն ոչ միայն լավ հաշվում է, այլև կառավարում է էլեկտրակայանի աշխատանքը, ընտրում տիեզերանավի շարժման ուղղությունը, գնացքներ վարում։ Բայց դա էլ դեռ բոլորը չէ։ Ենթադրենք, օրինակ, ուղևորը մոտեցել է տոմսարկղին և գնացքի տոմս է պատվիրում։ Տոմսավաճառը սեղմում է գրամեքենա հիշեցնող ապարատի մի քանի ստեղն։ Ուղևորի պատվերն անմիջապես հաղորդվում է ԷՀՄ-ին։ Մի քանի վայրկյան անց մեքենան հայտնում է պատասխանը։ Այդ կարճ ժամանակահատվածում ԷՀՄ-ն հասցնում է ուսումնասիրել գնացքների չվացուցակը, ստուգել, թե որ գնացքների և որքան տոմս է վաճառված, հիշել, թե որքան և ինչպիսի տոմսեր են մնացել և որ կայարանում է ուղևոր իջնելու գնացքից ու ազատելու իր զբաղեցրած տեղը։ Լուսնի և Մարսի լուսանկարները տիեզերանավերից Երկիր են հաղորդվել ռադիոյով։ Երկրի վրա ընդունված այդ ռադիոազդանշանները մուծվում էին ԷՀՄ, որն էլ վերծանում էր դրանք և նկարում հեռավոր մոլորակների մանրակրկիտ պատկերը։ Սովետական ԷՀՄ-ների ստեղծման գործում մեծ ավանդ ունեն հայ գիտնականները։ Երևանում, Բարեկամության հրապարակից սկիզբ առնող փոքրիկ բարձունքի վրա, վեր է խոյանում հսկա մի շենք։ Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտն է, ՍՍՀՄ էլեկտրոնային հաշվողական տեխնիկայի գիտական խոշոր կենտրոններից մեկը։ Այստեղ են ծնունդ առել «Արագած», «Երևան», «Հրազդան», «Նաիրի», ՄՍ-1045 և մի շարք ուրիշ ԷՀՄ-ներ, որոնք լայն ճանաչում են գտել ամբողջ Սովետական Միությունում և Արտասահմանում։ Մարդն ավելի ու ավելի շատ գործեր է վստահում էլեկտրոնային օգնականին։ Եվ ԷՀՄ-ն լիովին արդարացնում է այդ վստահությունը։ Իսկ գիտնականներն ու ինժեներներն ստեղծում են նորանոր, էլ ավելի արագագործ ու հուսալի ԷՀՄ-ներ։
Էյնշտեյն Ալբերտ
1905 թ. հունվարն էր։ Շվեյցարիայի Բեռն խաղաղ քաղաքի փողոցներով մտածկոտ քայլում էր մի համեստ երիտասարդ։ Ետևում էին մնացել պոլիտեխնիկական ինստիտուտում ուսանելու տարիները, երբ նա պրոֆեսորներին զարմացնում էր մաթեմատիկական իր ընդունակություններով։ Ետևում էին մնացել կիսաքաղց գոյության և աշխատանք փնտրելու մի քանի ամիսները։ Երիտասարդը խորհում էր գիտական չորս հոդվածի ծրագրի մասին։ Այդ չորս հոդվածները հեղաշրջում կատարեցին ֆիզիկայում։ 20-րդ դարի սկզբին Նյուտոնի դասական մեխանիկան անզոր գտնվեց բացատրելու մի շարք նոր հայտնագործություններ։ Դեռևս հնում ենթադրում էին, որ բոլոր մարմինները կազմված են ատոմներից։ Բայց ատոմները չափազանց փոքր են, անտեսանելի։ Այդ հանգամանքը որոշ գիտնականների ստիպում էր կասկածի տակ առնել ատոմների գոյությունը։ Ճիշտ է, ատոմների գոյությունը հաստատվում էր բրոունյան շարժմամբ, որը 1827 թ հայտնագործել էր անգլիացի