Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/64

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թի հիմքը։ 7-րդ դարում այստեղ կառուցվեցին հայ ճարտարապետության այնպիսի նշանավոր կոթողներ, ինչպես Հռիփսիմեի տաճարը, Գայանե եկեղեցին, մոտակայքում գտնվող հռչակավոր Զվարթնոցը։ Օտար նվաճողների՝ Հայաստան կատարած արշավանքների հետևանքով հետագա մի քանի դարերի ընթացքում Էջմիածինն աստիճանաբար անշքանում է ու կորցնում իր երբեմնի նշանակությունը։ Քաղաքն իր հոգևոր-մշակութային աշխույժ կյանքը վերստացավ 15-րդ դարի կեսից։ Կրկին այստեղ հաստատվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը (առ այսօր Էջմիածինը Ամենայն Հայոց կաթողիկոսի աթոռանիստն է)։ Էջմիածինը դարձավ պետականությունը կորցրած, օտարների տաժանելի լծից տառապող հայ ժողովրդի համախմբման ու պահպանության կենտրոն։ Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, 1827 թ., ռուսական փոքրաթիվ զորքը շտապեց փրկելու Էջմիածինը, որը շրջապատված էր պարսկական բազմահազարանոց բանակով, և պարտության մատնեց պարսիկներին։ Օշականի ճակատամարտ անունով հայտնի այդ անհավասար կռվում ընկած 1154 ռուս զինվորների հիշատակն է հավերժացնում 1833 թ. Էջմիածնից ոչ հեռու կառուցված հուշարձանը, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը։ Հայաստանի տարածքում էջմիածինն առաջին վայրն էր, որտեղ 1771 թ. հիմնադրվեց տպարան, իսկ հինգ տարի անց՝ նաև թղթի գործարան։ 1874 թ. այստեղ բացվեց Գևորգյան ճեմարանը, որտեղ ուսանել կամ ղասավանդել են հայ մշակույթի այնպիսի երախտավորներ, ինչպես հանճարեղ երգահան Կոմիտասը, բանաստեղծներ Հովհ. Հովհաննիսյանն ու Ավ. Իսահակյանը, գրականագետ Մանուկ Աբեղյանը, լեզվաբան Հ. Աճառյանը, պատմաբան Հակոբ Մանանդյանը և ուրիշներ։ Դեռևս 5-րդ դարի վերջին հայ պատմիչ Ղազար Փարպեցին Էջմիածնում հիմնել էր մատենադարան։ Դարերի ընթացքում հարստանալով նորանոր ձեռագրերով` այն դարձավ Երևանի հռչակավոր Մատենադարանի հիմքը։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումը նոր շունչ ու կյանք հաղորդեց հինավուրց քաղաքին։ Այժմ Էջմիածինն ունի 50 հզ. բնակիչ և մեր հանրապետության արագ զարգացող արդյունաբերական քաղաքներից է, զարգացած գյուղատնտեսություն ունեցող Էջմիածնի շրջանի վարչական կենտրոնը։ Նրա տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններից հիշարժան են «Էլեկտրոն» արտադրական միավորման, «Պլաստմասսա» գործարանները, մետաղե կենցաղային իրերի, գինու կոմբինատները, նշանավոր տպարանը։ Քաղաքում գործում են հանրակրթական, երաժշտական ու նկարչական միջնակարգ դպրոցներ, մարզադպրոց, պրոֆտեխուսումնարան, ակումբագրադարանային տեխնիկում։ Այստեղ են գտնվում Կոմիտասի պետական թանգարանը, Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարանը, հայրենագիտական թանգարան։ Օրըստօրե ընդարձակվում ու գեղեցկանում է քաղաքը, կառուցվում են նորանոր կոթողներ ու շենքեր։ Տեսարժան ճարտարապետական համալիր է Կոմիտասի անվան հրապարակը՝ նրա իսկ արձանով։ Տպավորիչ է Վաղարշապատ թաղամասը, որի Մյասնիկյան փողոցի բարեկարգման և բնակելի հետաքրքիր շենքերով կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀՍՍՀ պետական մրցանակի։ Էջմիածինը մեր հանրապետության տուրիստական կենտրոններից է։ Իր ճարտարապետական հուշարձաններով ամեն տարի այն հազարավոր զբոսաշրջիկների է գրավում՝ հաղորդակից դարձնելով նրանց հայ ժողովրդի բազմադարյան մշակույթին։ Եվ այդ հուշարձանները պահպանելու համար քաղաքի պատմական միջուկը հայտարարվել է պատմաճարտարապետական արգելոց-թանգարան՝ «Վաղարշապատ» անունով։