Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) 2.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հնարքներին տիրապետում են միլիցիայի աշխատողները։ Հայկական ազգային ըմբշամարտը` կոխը, որ ունեցել է նաև գոտեմարտ, գոտեկռիվ, բազմամարտ, գուռաշ, մերկակռիվ, կուշտրի և այլ անվանումներ, հայտնի էր դեռևս հին հայերին։ Կոխը ազգային տոնախմբությունների, հարսանիքների, ուխտագնացությունների, տարեմուտի տոնահանդեսներին ուղեկցող համաժողովրդական խաղերի անբաժան մասն էր։ Միջնադարյան Հայաստանում կային կոխի մըրցության հատուկ տեղեր, որ կոչվում էին գուպարատեղեր, մարզարաններ, մրցասպարեզներ, մեյդաններ։ Մրցումները կազմակերպող և վարող անձանց անվանում էին գուպարադիրներ, մարտադիրներ, մարտուսույցներ։ Մեզ են հասել միջնադարյան հայ ըմբիշներ Սադուն Արծրունու, Գրիգոր Ջուղայեցու, Սիմոն Փեհլիվունի և այլոց անունները։ 1922 թվականից սկսած Սովետական Հայաստանում անց են կացվում կոխի առաջնություններ։ Մրցումն սկսվում է պարով, ապա, մրցավարի սուլոցից հետո, մարզիկները կոխ են բռնում։ Գոտեմարտը, որ ընթանում է երաժշտության ներքո, տեվում է 6-8 րոպե։ Ըմբշամարտի միջազգային մրցումներում սովետական մարզիկները մեծ նվաճումներ ունեն։ Առանձնապես հաջող էին մեր ըմբիշների ելույթները 22-րդ Օլիմպիական խաղերում։ Նրանք կարողացան նվաճել 14 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ։ Այդ համոզիչ հաղթանակը մարզական աշխարհին հարկադրեց ավելի հարգանքով խոսելու սովետական ըմբիշների՝ իբրև աշխարհում ուժեղագույնների մասին։ Սովետական ըմբշամարտի հաջողությունների մեջ իրենց ավանդն ունեն նաև հայ ըմբիշներ Գ. Շատվորյանը, Տու. Շահմուրադովը, Ն. Մուշեղյանը, Ա. Յալթիրյանը, Ս. Վարդանյանը, Ս. Հովհաննիսյանը, Բ. Փաշայանը և ուրիշներ։

Ընդավորներ

Մարդիկ ընդավոր բույսերը որպես սնունդ օգտագործել են դեռևս վաղ անցյալում։ Հնագույն բնակատեղիների պեղումների ժամանակ հնէաբան-գիտնականները հաճախ հայտնաբերում են ընդավորների ածխացած հատիկներ` հունդեր։ Այժմ դաշտերում և բանջարանոցներում մշակում են բազմատեսակ ընդավոր բույսեր` ոլոռ, բակլա, լոբի, սոյա, ոսպ, որոնցից պատրաստում են բազմատեսակ ու համեղ կերակուրներ։ Իսկ որպես կեր մշակում են կերային ընդավորներ` վիկ, երեքնուկ։ Ընդավոր բույսերը սովորաբար ցանում են վաղ գարնանը։ Բերքն առատ է լինում, մեկ հատիկից կարող է ստացվել 100-150 հատիկ։ Ընդավորները հաճախ անվանում են բուսական միս, որովհետև նրանք շատ սպիտակուց են պարունակում։ Կերայինների հունդերից ու ցողուններից սննդարար սիլոս են պատրաստում կովերի, ոչխարների, խոզերի համար։ Ընդավոր բույսերը երկրագործության մեջ կարևոր նշանակություն ունեն։ Նրանց արմատների վրա ձևավորվող փոքրիկ պալարներում ապրում են օդի ազոտը յուրացնող հատուկ բակտերիաներ։ Ահա թե ինչու ընդավորներից հետո հողում մեծ քանակությամբ ազոտ է կուտակվում, որը շատ օգտակար է այդ նույն դաշտում նրանցից հետո մշակվելիք ցորենի, եգիպտացորենի և շատ ուրիշ բույսերի համար: