տալ 65-100 և ավելի՝ մինչև 250 կգ բերք։ Բազմանում է սերմերով և պատվաստի միջոցով։ Ընկուզենու ընդարձակ տնկարկներ կան ՍՍՀՄ-ում՝ Կիրգիզիայում, Տաջիկստանում, Ղազախստանում, Մոլդավիայում, Անդրկովկասում, արտասահմանյան երկրներից՝ Բուլղարիայում, Չինաստանում, Ճապոնիայում, Թուրքիայում, Իրանում, ԱՄՆ–ում և այլուր։ Շատ տարածված է մեր հանրապետությունում՝ Ղափանի, Գորիսի, Եղեգնաձորի, Իջևանի, Աշտարակի, Թումանյանի, Շամշադինի շրջաններում։ Մեր սիրած ծառատեսակներից է ընկուզենին։ Դարեր շարունակ, իր տունն ու այգին հիմնելիս, հայն առաջին հերթին ընկուզենի է տնկել։ Ընկուզենին ծաղկում է տերևակալման հետ՝ ապրիլ-մայիսին։ Աշնանը հասունանում են խոշոր, կլորավուն, կանաչ պատյանով պտուղները՝ ընկույզները։ Ընկույզը շատ համեղ է և սննդարար։ Նրա միջուկը պարունակում է ճարպեր, վիտամիններ, սպիտակուցներ, երկաթ և ուրիշ օգտակար նյութեր։ Գիտնականները պարզել են, որ ընկույզի 1 կգ միջուկը կարող է փոխարինել մեկական կգ մսին, հացին, ձկանը, կարտոֆիլին, տանձին և 1 լիտր կաթին՝ միասին վերցրած։ Ընկույզի միջուկն օգտագործում են կոնֆետների, հալվայի, կոզինախի, սուջուխի, շոկոլադների, զանազան թխվածքի մեջ։ Տանտիկինները նրանով համեմում են շատ կերակրատեսակներ։ Խակ ընկույզից եփում են ձեր սիրած անուշեղենը՝ ընկույզի մուրաբա։ Օգտագործվում են նաև ընկուզենու մնացած մասերը։ Տերևներից, կեղևից և խակ պտղի կանաչ պատյանից ստանում են դաբաղանյութեր ու ներկանյութեր։ Հնուց հայտնի է, որ ընկուզենու տերևները ոչնչացնում են միջատներին ու մանր ձկներին։ Պարզվել է, որ դրա պատճառը յուգլոն կոչվող ներկանյութն է։ Այսօր էլ գյուղերում տանտիրուհիներն ընկուզենու տերևներն օգտագործում են վնասակար միջատներին բնակարաններից վտարելու համար։ Յուգլոնն ազդում է նաև մարդկանց վրա՝ առաջացնելով գլխացավ, ընդհանուր թուլություն։ Այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում քնել ընկուզենու ստվերում։ Շատ արժեքավոր է ընկուզենու ամուր, ճկուն, լավ հղկվող բնափայտը։ Նրանից ստանում են բարձրորակ կահույք, նրբատախտակ, պատրաստում ինքնաթիռների փայտե մասեր։ Ընկուզենին լայնորեն օգտագործվում է կանաչապատման ու անտառապատման մեջ։ Իջևանի շրջանում, Աղստև գետի ափով անցնող Սամեդ Վուրղուն-Ազատամուտ ավտոմայրուղու երկու կողմերին, մոտավորապես 30 կմ երկարությամբ ձգվում է հինավուրց ընկուզենիների գեղեցիկ ծառուղին, որն այժմ խնամքով պահպանվում է և թարմացվում։
Ընձուղտ
Երկրի վրա բնակվող «ամենաբարձրահասակ» կենդանին է ընձուղտը։ Նրա 6 մ-ի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը։ Իսկ գիտե?ք, թե քանի ող կա այդ երեք մետրանոց պարանոցում։ Երևի կարծում եք, թե ավելի շատ, քան, ասենք, մկան կամ շան պարանոցում։ Ամենևին էլ ո՛չ։ Թե՛ ընձուղտի, թե՛ մկան և թե՛ շան, ինչպես նաև մարդու և բոլոր կաթնասունների պարանոցը