Եգիպտական բուրգեր
Քարե այդ վիթխարի կառույցները, թագավորների՝ փարավոնների դամբարանները, կառուցվել են Հին Եգիպտոսում` մեզանից մոտ հինգ հազար տարի առաջ։ Փարավոններն ունեին անսահմանափակ իշխանություն և համարվում էին աստվածներին հավասար։ Վեհապանծ դամբարանները փարավոնների մահից հետո էլ պետք է հիշեցնեին նրանց իշխանության հզորության մասին։ Այդ բուրգերից ամենամեծը, որի բարձրությունը 147 մ է, կառուցվել է Քեոփս փարավոնի կամքով։ Հին հույն պատմիչ Հերոդոտոսը վկայում է, որ այդ բուրգը կառուցել են 100 հազար մարդ՝ 20 տարում։ Եգիպտական կիզիչ արևի տակ հազարավոր ստրուկներ քարե գործիքներով (երկաթն ու բրոնզն այն ժամանակ դեռևս հայտնի չէին) հատում էին հսկայածավալ քարաբեկորներ, ապա ճոպաններով դրանք քարշ էին տալիս կառույցի վայրը և բուրգի կառուցմանը համընթաց բարձրացնում ավելի ու ավելի վեր։ Բուրգերի անանուն շինարարները մեռնում էին քաղցից և ուժահատ աշխատանքից։ Վիթխարի բուրգերը միշտ էլ ապշեցրել են մարդկանց։ Զուր չէ, որ հնում դրանք համարել են «աշխարհի յոթ հրաշալիքներից» մեկը։ Եվ ոչ թե փարավոնների փառքը, այլ տաղանդավոր ճարտարապետների ու քարգործ վարպետների կերտած բուրգերն են, որ ապրել են դարեդար և հուշարձան դարձել կառուցողներին։
Եգիպտացորեն
Մի քանի հազար տարի առաջ արդեն հին հնդկացիները՝ ինկերն ու ացտեկները, եգիպտացորեն էին մշակում։ Ինկերի ծաղկող պետությունը գտնվում էր Պերուում` Հարավային Ամերիկայում, իսկ ացտեկներինը՝ Մեքսիկայում ՝ Կենտրոնական Ամերիկայում։ Եգիպտացորենն այնտեղ անվանում էին մաիս և համարում սուրբ բույս։ Կոլումբոսը Եվրոպա բերեց հրաշալի սերմնահատիկները, և հնդկական մաիսն արագ կլիմայավարժվեց Իսպանիայի ու Պորտուգալիայի՝ իր համար նոր դաշտերում։ Այնտեղից եգիպտացորենն արագորեն թափանցեց Աֆրիկա և Ասիա։ Հայաստանում եգիպտացորենը հայտնի է դարձել 16-րդ դարում։ Եվ քանի որ հայերը կարծում էին, թե ամենախոշորահատիկ ցորենն աճում է Եգիպտոսում, Նեղոսի ափերին, նրանք այդ բույսն իր մեծ հատիկների