Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքնակալությունը: Երկրում իշխանությունը զավթեց բուրժուական ժամանակավոր կառավարությունը: Գյուղացիները հույս ունեին, որ վերջապես հող կստանան, բայց ժամանակավոր կառավարությունը չէր էլ մտածում կալվածատերերից հողը խլելու և գյուղացիներին տալու մասին: Գործարաններն ու ֆաբրիկաները, հանքահորերն ու երկաթուղին առաջվա պես կապիտալիստների ձեռքին էին: Շարունակվում էր ժողովրդին մեծ տառապանք պատճառող թալանչիական պատերազմը: Աշխատավոր ժողովրդի համար ժամանակավոր կառավարությունը ոչինչ չէր անում և չէր էլ պատրաստվում անել, միայն ջանում էր ամեն գնով պահպանել հարուստների իշխանությունը: Ժողովրդի բոլոր պահանջները կարող էր բավարարել սոսկ բանվորների և գյուղացիների իշխանությունը՝ սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո: Բանվորներին ու գյուղացիներին այդ հեղափոխությանն էլ հենց նախապատրաստում էր Վ. Ի. Լենինի գլխավորած բոլշևիկների կուսակցությունը:

Ժամանակավոր կառավարությունը փութով ուժեր էր հավաքում ժողովրդի դեմ պայքարելու համար: Հոկտեմբերի 24-ի (նոյեմբերի 6-ի) երեկոյան Վ. Ի. Լենինը բոլշևիկյան կուսակցության Կենտրոնական կոմիտեի անդամներին գրեց. «Ելույթն ուշացնելը մահվան է հավասար»: Կենտրոնական կոմիտեն կապավոր ուղարկեց Վլադիմիր Իլյիչի բնակարան: Կապավորի հետ Լենինը ճանապարհ ընկավ դեպի Սմոլնի՝ զինված ապստամբության շտաբ: Հատուկենտ անցորդների մտքով չէր էլ անցնում, որ իրենց դիմացից քայլող միջահասակ, բանվորական կեպիով մարդը հեղափոխության առաջնորդն է:

Սմոլնի հասան կեսգիշերին: Պալատի առջևի պուրակում կանգնած էին թամբած ձիեր, ավտոմոբիլներ, մոտոցիկլետներ, զրահամեքենաներ, վառվում էին խարույկներ ու ջահեր: Սմոլնիի դահլիճներն ու միջանցքները երբեք այդքան աղմկոտ և բազմամարդ չէին եղել: Միջանցքներով դղրդյունով քարշ էին տալիս գնդացիրներ, լսվում էին զինվորական կտրուկ հրամաններ, զենքի շառաչ:

Ապստամբությունը գլխավորում էր Լենինը: Այդ գիշեր շարունակ նրան էին մոտենում տասնյակ բանվորներ, զինվորներ ու նավաստիներ: Լենինի մշակած պլանի համաձայն, առաջին հերթին գրավվեցին Նևայի կամուրջները: Ժամանակավոր կառավարությանը չհաջողվեց բացել կամուրջները և բանվորական ծայրամասերը կտրել կենտրոնից: Ապստամբները գրավեցին հեռագրատունը, հեռախոսակայանը, կայարանները, էլեկտրակայանները:

Հնչեցնելով շչակը Սմոլնիի դարպասից դուրս սողաց մի հսկա զրահամեքենա: Նրա աշտարակին կարմիր դրոշ էր փողփողում: Քաղաքի փողոցներով սկսեցին առաջ շարժվել հեղափոխական ջոկատներ:

Սառնաշունչ օդում տարածված հրաշալի մի երգ.

Անվախ ընկեր, քայլենք շար շար
Հոգով կռվում ամրանանք,
Ազատության վեհ ճանապարհ
Կրծքով հարթենք մեզ համար:

Հեղափոխության «Անվախ ընկեր» մարտական երգն էր դա:

Ահա ապստամբներն արդեն գրավել են ամբողջ քաղաքը: Մնացել է միայն Ձմեռային պալատը: Նրան են մոտենում նորանոր ջոկատներ: Դեպի Ձմեռային պալատն են ուղղված «Ավրորա» հածանավի թնդանոթները: Հեղափոխական ահեղ հածանավը լավ երևում է պալատի պատուհաններից:

Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամը ինն անց քառասուն րոպեն է: Որոտում է «Ավրորայի» համազարկը: Կարմիրբանակայինները, հեղափոխական զինվորներն ու նավաստիները «Ուռա՜» բացականչություններով նետվում են գրոհի: Նրանք կտրում անցնում են Դվորցովայա հրապարակը: Ամուր փակված թուջե դարպասը մի ակնթարթ կասեցնում է գրոհողների հեղեղը: