Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ. Հովհաննիսյանը խորապես մտահոգված էր ճնշվածների ու հարստահարվածների ճակատագրով: Իր մի շարք ստեղծագործություններում, ինչպես, օրինակ, «Մնաք բարով, արև, գարուն», «Աշուղ», «Նոր գարուն», «Գյուղի ժամը», «Հատիկ» բանաստեղծություններում, պատկերել է ժողովրդի ցավերն ու վշտերը, նրանց տառապանքը:

Հայրենասիրության մի ցայտուն նմուշ է նրա «Սարն ի վեր» բանաստեղծությունը, որտեղ բանաստեղծը հայրենիքի ազատության համար մարտնչող զինվորին կոչ է անում չհուսալքվել պարտություններից և շարունակել պայքարը հանուն հաղթանակի:

Դեռ հեռու է կատարն անամպ ու հստակ,
Բայց եթե չհասնենք այնտեղ մենք
Վաղն այնտեղ ենք անշուշտ, մերն է հաղթանակ-
Դեպի վե՜ր, սարն ի վե՜ր, անվեհեր զինվոր

Հայրենական մեծ պատերազմի օրերին հայ մարտիկներն այս տողերն արտագրել էին առանձին թերթիկների վրա և ոգեշնչված գրոհի էին նետվում՝ հաղթանակի հավատը սրտերում: Հայտնի են նաև Հովհաննիսյանի «Վահագնի ծնունդը», «Արտավազդ» նույնպես հայրենաշունչ բանաստեղծությունները, որոնք հայկական ժողովրդական առասպելների վարպետ մշակումներ են:

Քաջ գիտենալով մի քանի օտար լեզուներ, Հ. Հովհաննիսյանը նաև բարձրարվեստ թարգմանություններ է կատարել ռուս և եվրոպացի մի շարք գրողներից:

Բանաստեղծը ջերմորեն ընդունեց սովետական կարգերի հաստատումը Հայաստանում և ակտիվորեն լծվեց հանրապետության մշակութային վերելքի գործին: Կյանքի վերջին տարիներին նա ապրում էր Երևանում, Հրազդան գետի գեղատեսիլ ափին գտնվող այգեպատ մի տան, որը նրան նվիրել էր հանրապետության կառավարությունը: Ծերունազարդ բանաստեղծը սիրով մշակում էր այգին, պատվաստում ծառերը, աճեցնում նոր տեսակի մրգեր, զբաղվում որսորդությամբ ու ձկնորսությամբ:

Բանաստեղծի մահից հետո Էջմիածնի նրա տունը վերածվեց տուն-թանգարանի:

Հայ գրականության անդաստանում Հ. Հովհաննիսյանի կարևոր ավանդն այն է, որ նա բյուրեղային պարզության հասցրեց ժամանակի հայ պոեզիան, հարստացրեց հայ գրական լեզուն: Դուք դեռ բախտ կունենաք ծանոթանալու նրա ստեղծագործություններին և, անկասկած, կսիրեք նրա պոեզիան:

Հովնաթանյաններ

1679 թ Երևանում երկրաշարժ տեղի ունեցավ. Հարկ եղավ քաղաքի շատ տներ ու շինություններ վերականգնել կամ կառուցել նորից Մի քանի տարի անց երևանցիները նկարիչ հրավիրեցին՝ վերականգնված Պողոս-Պետրոս, Կաթողիկե, Զորավոր եկեղեցիները զարդարելու որմնանկարներով Այդ նկարիչը երիտասարդ, բայց արդեն համբավավոր Նաղաշ Հովնաթանն էր, որին վիճակված էր դառնալու Հովնաթանյան նշանավոր նկարիչների տոհմի հիմնադիրը Մոտ երկու հարյուրամյակի ընթացքում այդ տոհմի մի քանի սերնդի ներկայացուցիչները զգալի դեր կատարեցին հայ ու հարևան ժողովուրդների մշակութային կյանքում

Նաղաշ Հովնաթանը («նաղաշ» արաբերեն բառ է, նշանակում է զարդանկարիչ արևելյան երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, այդպես էին անվանում նկարիչներին ժողովուրդը երբեմն այն դարձնում էր հատուկ անուն) ծնվել է 1661 թ. Հայաստանի Սիսական նահանգի Երնջակ գավառի Շոռոթ գյուղում (այժմ գտնվում է Նախիջևանի Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետությունում),