Ձայն
Երբևէ խորհե՞լ եք արդյոք, թե որքա՛ն շատ են ձեզ շրջապատող ձայները. է՛լ տերևների սոսափ ու թռչունների ճռվողյուն, ջրի կարկաչ ու ճողփյուն, է՛լ շարժիչների գվվոց ու անիվների ճռինչ, շաչյուն ու ղողանջ, է՛լ խոսակցության ու քայլերի ձայներ, ամանների զնգոց և, վերջապես, երաժշտություն։ Ամենախաղաղ ժամին կամ ամենաամայի վայրում անգամ ականջը միշտ որսում է ինչ-որ ձայներ, հնչյուններ, որովհետև ամեն տեղ ինչ-որ բան անպատճառ շարժվում է, տատանվում։
Լարը տատանվում է ու հրում օդի մասնիկները, սրանք էլ հրում են միմյանց (այս մասին պատմվում է «Ալիքներ» զրույցում)։ Լարի տատանումներն օդում ավելի ու ավելի հեռու են տարածվում, և մենք լսում ենք լարի «երգը»։
Նման ալիքներ են տարածվում ծփացող սաղարթից կամ ղողանջող զանգից։ Մարդու կամ, ասենք, սոխակի կոկորդում տատանվում են ձայնալարերը։
Օդի տատանումները տարածվելով հասնում են որևէ խոչընդոտի, գնդակի պես բախվում նրան, ապա անդրադառնում են ու տարածվում հակառակ ուղղությամբ։ Այսպես առաջանում է արձագանքը։
Իսկ ա՛յ Լուսնի վրա տիեզերագնացները խոսել չեն կարող, ինչպես Երկրի վրա։ Նույնիսկ հզոր պայթյուններն այնտեղ բացարձակապես անձայն կլինեն։ Եվ դա զարմանալի չէ. Լուսնի վրա օդ չկա, իսկ ձայնային ալիքները տարածվում են օդի միջոցով։
Սովորական պայմաններում օդում ձայնի արագությունը մեկ վայրկյանում մոտ 330 մ է։ Սակայն ձայնային ալիքները տարածվում են ոչ միայն օդում, այլև ջրում, ընդ որում, գրեթե հինգ անգամ ավելի արագ։ Ձայնային ալիքներն է՛լ ավելի արագ տարածվում են պինդ մարմիններում, օրինակ, պողպատե ձողում: Երևանից մինչև Մոսկվա մոտ 2 հզ կմ է։ Օդով ձայնն այնտեղ կհասներ մեկ ժամ քառասուն րոպեում, ջրով՝ 20 րոպեում, իսկ պողպատե ձողով՝ 7 րոպեում։ Ի դեպ, Լուսնի վրա էլ կա պինդ մարմին՝ լուսնակեղևը։ Այդ պատճառով էլ, եթե նրա մակերևույթին հպենք ականջը կամ զգայուն որևէ սարք, պայթյունն, այնուամենայնիվ, կարելի է «լսել»։
Ինչպես մյուս ալիքները, ձայնային ալիքները նույնպես ունեն որոշակի երկարություն։ Որքան կարճ են ալիքները, այնքան ավելի հաճախ են հաջորդում միմյանց։ Այդ հաճախությունից է կախված ձայնի տոնը: Մատներով բռնելով «երգող» լարը, փորձեք կարճացնել այն: Դուք կլսեք, որ լարի հնչողությունն ավելի է բարձրանում։ Այժմ հասկանալի է, թե ինչու մարդիկ տարբեր ձայներ ունեն։ Տենորի ձայնալարերը տատանվում են ավելի մեծ հաճախությամբ, քան բասինը։ Սակայն մարդկանց կամ նվագարանների՝ մեր ականջին հասած ձայներն ու հնչյունները միշտ բաղկացած են ոչ թե մեկ, այլ տարբեր հաճախության մի քանի ալիքներից: Օրինակ, լարը տատանվում է միաժամանակ մի քանի ուղղություններով և առաջացնում ձայնային ալիքների խառնուրդ։
Օդի բոլոր տատանումները չէ, որ մենք կարող ենք լսել։ Մեր ականջի ընկալած ամենափոքր հաճախությունը կազմում է մեկ վայրկանում 16 տատանում, ամենամեծը՝ մեկ վայրկյանում 20 հզ. տատանում։
Եթե տատանումների հաճախությունը մեկ վայրկյանում 15—20 տատանումից փոքր է, այդ դեպքում ձայնը կոչվում է ինֆրաձայն, իսկ եթե մեկ վայրկյանում