Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձի

Վայրի ձիեր շատ քիչ են մնացել և այն էլ միայն Ասիայում։ Այդ վայրի ձին Պրժևալսկու ձին է, որն այդպես է կոչվում իր հայտնաբերողի և նկարագրողի՝ նշանավոր ճանապարհորդ Ն. Պրժևալսկու անունով: Վայրի ձին ամրակազմ է, դիմացկուն, խոշոր գլխով և ցցված անհնազանդ բաշով: Ճակատին մազափունջ չունի, որը նրան կխանգարեր լավ զննելու շուրջն ու նկատելու թշնամիներին: Դեղձանագույն է, ավազագույն նրբերանգով, իսկ բաշն ու պոչը սև են: Նման գունավորման շնորհիվ երամակն աննկատելի է մնում տափաստանային բուսականության ֆոնին: Ձմռանը վայրի ձիերը ծածկվում են խիտ մազածածկույթով:

Մարդը վայրի ձիուն ընտելացրել է մի քանի հազարամյակ առաջ:

Բնության «արվեստանոցից» ստանալով մի «մոդել»՝ անբարետես վայրի ձիուկը, մարդն իր ծրագրերին համապատասխան աստիճանաբար փոխեց նրա տեսքը: Այդպես առաջացան ձիերի բազմաթիվ և բազմազան ցեղերը՝ փոքրիկ պոնիներից մինչև հզոր ու հսկա ծանրաքարշները:

Հնում պոնիները ստորգետնյա նեղ հանքահորերում վագոնիկներով ածուխ էին կրում: Դրանք շատ նման էին այժմ կենդանաբանական այգիներում երեխաներին պտտեցնող պոնիներին:

Գեղեցկությամբ, վեհապանծ, երկայն քայլքով, հեռավոր ճանապարհներ կտրելու իրենց դիմացկունությամբ փառաբանվում են արաբական ձիերը: Դրանց բուծել են Արաբիայում, 800 տարի առաջ:

Անգլիական զտարյուն հեծկան ցեղը բուծվել է 18-րդ դարում, Անգլիայում: Այս ցեղի ձիերն ասես ստեղծված են կայտառ ու սրընթաց արշավելու համար:

Թուրքմենիայում բուծված Ախալթեքեյան հեծկան ցեղը հնագույններից մեկն է: Դրանք հպարտ ու վայելչակազմ ձիեր են՝ մետաքսանման, ոսկեփայլ մազերով, կայտառ ու կրակոտ: Ռուս սելեկցիոներ կոմս Օռլովը բուծել է թեթև լծկան ձիերի ցեղ, որոնց անվանում են օռլովյան վարգաձիեր կամ վարգուններ: Ավելի ուշ բուծվել է ռուսական վարգունը, որն ավելի արագավազ է ու կայտառ: Վարգունը քառատրոփ արշավելու «իրավունք չունի»: Ասես տարածվելով գետնին ու լայն բացելով ուժեղ ոտքերը՝ նա սահուն վարգով սլանում է ճեպընթաց գնացքի: