Հին Եգիպտոս, 5 հզ տարի է, ինչ Նեղոս գետի ափին կանգնած են քարեղեն բուրգերը: Քարե այդ հսկաները, որ, ասես, հին ու հեռավոր աշխարհի պատգամաբերները լինեն, պատմում են այդ աշխարհի կյանքի մասին: Բուրգը դամբարանն էր փարավոնի, որը համարվում էր աստծու որդի և երկրի հզոր տիրակալը։ Այն ամենը, ինչ կառուցվում էր նրա համար, անհամաչափելի էր հասարակ մահկանացուների համար նախատեսված կառույցների հետ։ Ժամանակակից տները ևս բուրգերի համեմատությամբ խաղալիքներ են թվում, եթե նույնիսկ բավականին հեռու են նրանցից։
Անտիկ Հունաստան, Հին հունական տաճարներն ակնահաճո, լուսավոր տեսք ունեին։ Բաց սյունաշարերը մարդկանց, ասես, ներս էին հրավիրում։ Ահա 2500 տարի առաջ Աթենքում կառուցված Պարթենոնի տաճարը։ Շատերն այն հիմա էլ համարում են ամենագեղեցիկ ճարտարապետական կառույցն աշխարհում։
Անտիկ Հռոմ, 2000 տարի առաջ Հռոմն իր փառքի ծաղկման շրջանում էր։ Նա նվաճել էր հարևան երկրները, տիրացել մեծաքանակ ոսկու և ստրուկների։ Հռոմը տոնում էր իր հաղթանակները և վիթխարի շենքեր կառուցում։ Դրանց հանդիսավոր-պերճաշուք ճարտարապետությունը ռազմաշունչ ուժի ու պետական հզորության քարեղեն մարմնացումն էր։ Նայեցե՛ք Կոլիզեում կրկեսի բազմահարկ կամարաշարերին և աշխատեցե՛ք պատկերացնել այն ամբողջական տեսքով, յուրաքանչյուր կամարում մարմարե մի արձան, իսկ շինության վերին մասով մեկ արձանների, սյուների, կամարների անծայր մի շարան։