Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ինքն ամենից անօգնական վիճակում էր։ Նա մոմի պես հալվում էր, բայց արիաբար թաքցնում էր այդ չցանկանալով տանջել հարազատներին։ Ընդամենը քսաներկու տարեկան էր, որ մահացավ Մեծարենցը՝ լույսի, արևի ու կյանքի երազներով լեցուն մեծ բանաստեղծը։

Մեղուներ

Հավանաբար, չկա մի մարդ, որ մեղր չսիրի։ Եվ բոլորն էլ գիտեն, որ մեղր ստանում են մեղվափեթակի մեջ եղած մոմեղեն բջիջներից՝ մեղրահացից (մոմահացից)։ Իսկ մեղրը փեթակ են բերում մեղուները։

Բայց որքան մեղր կարող է բերել մի փոքրիկ մեղուն։ Չէ՞ որ մեկ փեթակից ստանում են տասնյակ կիլոգրամ մեղր։ Որպեսզի մեղուն ծաղիկներից այնքան նեկտար հավաքի, որը հետո դառնա մեկ կիլոգրամ մեղր, նա պետք է կտրի անցնի շուրջ 300 հզ կմ ճանապարհ (Երկրից մինչև Լուսինը եղած հեռավորության 3/4-ից ավելին)՝ այդ ընթացքում «այցելելով» 19 մլն ծաղկի։ Մի քանի կիլոգրամ մեղրն արդեն միլիոնավոր կիլոմետրերի հասնող ճանապարհ է։

Ընդամենը 30—35 օր տևող իր կյանքի ընթացքում մի մեղուն, անշուշտ, չի կարող այդպիսի աշխատանք կատարել։ Բայց զուր չէ, որ մեղուների աշխատասիրությունն ասացվածք է դարձել թռչելով ժամում 6,5 կմ արագությամբ՝ մի մեղուն իր աշխատանքային օրվա ընթացքում այցելում է մոտավորապես 7 հզ ծաղկի։ Ծաղկավոր բույսերից նեկտար ժողովելու համար են հարմարեցված նրա բոլոր օրգանները՝ թե ետին ոտքերի վրա եղած հատուկ «խոզանակիկներն» ու «զամբյուղիկները», որոնց օգնությամբ նա հավաքում և տեղափոխում է ծաղկափոշին, թե երկար կնճիթն ու մեղրակտնառքը, որտեղ նեկտարը վերածվում է մեղրի, և թե, նույնիսկ, ազդանշանային բարդ համակարգը, որի օգնությամբ մեղուները միմյանց հայտնում են իրենց գտած մեղրատու բույսի մասին։

Բայց մեղուների ինչին է պետք այդքան մեղրը։

Մեղրը մեղուների կերն է։ Չէ՞ որ ձմռանը նրանք չեն քնում, իսկ դեկտեմբերին կամ հունվարին ծառերն, ինչպես գիտեք, չեն ծաղկում։ Այդ պատճառով էլ ամռանը մեղուներն այնքան են աշխատում, որ սովորաբար անհամեմատ ավելի շատ մեղր է ստացվում, քան պետք է նրանց, և այն բավականացնում է թե մեղուներին, թե մարդկանց։ Բացի այդ, մեղրահացերում են աճում նաև թրթուրները՝ ապագա մեղուները։ Հասուն մեղուները նրանց ևս կերակրում են մեղրով ու ծաղկափոշիով։

Մեղր հավաքող մեղուները չեն կարող միաժամանակ և մեղրահացերը լցնել, և կերակրել թրթուրներին։ Նրանք դրանով չեն էլ զբաղվում։ Մեղուների միջև աշխատանքի խիստ բաժանում կա մի մասը կեր է հայթայթում և բերում փեթակ, ուրիշները վերցնում են այն և լցնում մեղրահացերը, երրորդները մաքրում են մեղրահացերը, չորրորդները թևերով օդափոխիչի նման օդափոխում են փեթակը, հինգերորդները «պահակ են կանգնում» փեթակի մուտքի մոտ՝ փակելով թշնամիների ճանապարհը, վեցերորդները կերակրում են թրթուրներին։ Այս ամենը աշխատավոր մեղուներն են անում։

Միայն մայր մեղուն է, որ ոչ մի աշխատանք չի կատարում և ինքն էլ մշտական հոգատարություն է պահանջում։ Նա փեթակում միակն է, որ ձվեր է դնում, որոնցից հետո մեղուներ են դուրս գալիս։

Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի հիանալի հատկությունները։ Հնում վայրի մեղուների մեղրի հավաքմամբ զբաղվում էին անտառային մեղվաբույծները։ Բայց մարդիկ արդեն վաղուց են «ընտելացրել» մեղուներին, և նրանք ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ։ Նրանք գրեթե «ընտանի կենդանիներ» են։

Սակայն, չնայած մարդկանց ու մեղուների վաղեմի «բարեկամությանը», մարդիկ նրանց մասին շատ քիչ բան գիտեին։ Վերցնենք, օրինակ, ազդանշանումը, եղանակ, որով մեղուն տեղեկացնում է, թե որտեղ կարելի է շատ ծաղկափոշի կամ նեկտար հավաքել։ Մարդիկ հաճախ նկատում էին, որ, վերադառնալով փեթակ, մեղուն սկսում է պտույտներ գործել «պարել»։ Այդ պարի իմաստը հասկանալի դարձավ համեմատաբար վերջերս Պարզվում է, որ հետախույզ մեղվի պարի բնույթից մյուս մեղուներն իմանում են, թե որտեղ, փեթակից ինչ հեռավորությամբ կան ծաղիկներ, ինչ ծաղիկներ են դրանք և որքան են։

Որոշակի իմաստ ունի նաև մեղուների բզզոցը, որի մեկնաբանությամբ այժմ զբաղված են գիտնականները։

Մեղուները նաև հիանալի բուժակներ են։ Բժիշկները պարզել են, որ մեղուների մեղրը ոչ միայն սննդարար է, այլև ոչնչացնում է որոշ վնասակար միկրոօրգանիզմներ