Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մարդկանց համար մեծ կարևորություն ունի հատկապես, մթնոլորտի ստորին շերտը՝ տրոպոսֆերան, որի բարձրությունը Երկրի մակերևույթից 8—17 կմ է։ Այստեղ են առաջանում ամպերը, ծնվում ամպրոպները, անձրևներն ու ձյունը (վերջին երկուսի մասին դուք կարող եք կարդալ«Տեղումներ» զրույցում)։

Եղանակի փոփոխություններին հետևող գիտնականները՝ օդերևութաբանները, օրական մի քանի անգամ չափում են օդի խոնավությունը, ջերմաստիճանը, քամու ուժն ու ուղղությունը։

Օդային օվկիանոսի հաջորդ շերտը՝ ստրատոսֆերան, հասնում է մինչև 50— 55 կմ բարձրության։ Օդն այնտեղ խիստ նոսր է, իսկ երկինքը մուգ մանուշակագույն է, գրեթե սև Ստրատոսֆերայում են թռչում գերձայնային ինքնաթիռները։

Ստրատոսֆերայից վեր տարածվում է մեզոսֆերան։ Այն հասնում է 80 կմ բարձրության։ Մթնոլորտի այդ շերտում երբեմն առաջանում են փայլուն, նուրբ ամպեր։ Գիտնականները դրանք անվանում են արծաթափայլ ամպեր և ենթադրում են, որ դրանք կազմված են սառցափոշու հատիկներից։

Է՛լ ավելի վեր, մինչև 1000 կմ բարձրությամբ, ջերմոլորտի կամ իոնոսֆերայի շերտն է: Այստեղ օդը չափազանց նոսր է, շատ են գազի` էլեկտրականությամբ լիցքավորված առանձին մասնիկները` իոնները: Այդ բարձրությունում են առաջանում բևեռափայլերը:

Մթնոլորտի ամենավերին շերտը էքսոսֆերան է: Այստեղ օդ համարյա չկա: Գիտնականները ենթադրում են, որ այդ շերտի ջերմաստիճանը հասնում է մոտ 2000 աստիճանի:

Առանց մթնոլորտի Երկրի վրա կյանք չէր լինի: Այդ պատճառով էլ շատ կարևոր է մթնոլորտը մաքուր պահելը: Սակայն ամբողջ աշխարհում մթնոլորտ են արտանետվում արդյունաբերական բազմաթիվ մնացուկներ՝ գործարանների ու էլեկտրակայանների ծխնելույզների ծուխը, ավտոմեքենաների արտանետման գազերը: Սովետական Միությունում յուրաքանչյուր