Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/249

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թրթուրներն ապրում են ջրում ջրա փոսերում լճակներում, նույնիսկ կոշիկի կամ սմբակի ջրով լի հետքերի մեջ: Թրթուրը վեր է ածվում հարսնյակի, որը նույնպես ապրում է ջրում հարսնյակից դուրս է գալիս հասուն մոծակը: Քիչ անց նա արդեն թռչում է:

Պարզ հետաքրքրասիրությունից չէ, որ մարդիկ ուսումնասիրել են մոծակի կենսակերպը: Ստույգ իմանալով, որ մալարիան մոծակներն են տարածում, մարդիկ պատերազմ հայտարարեցին նրանց: Սկսեցին չորացնել ճահիճները, բազմացնել մոծակի թրթուրներն ուտող ձկներ, կիրառել թրթուրները ոչնչացնող զանազան նյութեր:

Անտառում, հատկապես ճահճոտ վայրերում մոծակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է կրել մոծակապաշտպան ցանց, գիշերը քնել թանձիֆե կամ շղարշե վարագույրի տակ, մարմնի բաց մասերը շփել միջատներին վանող հատուկ քսուքներով կամ լուծույթներով:


Մողեսներ

Անտառի փեշին կամ ճանապարհի եզրին հաճախ կարելի է տեսնել նրբագեղ ու ճարպիկ մողեսների: Նրանց երկարությունը մինչև 1-8 սմ է, որի կեսը կազմում է բարակ ու ճկուն պոչը: Մողեսի մարմինը պատած է եղջրային թեփուկներով, իսկ գլուխը եղջրային խոշոր վահանիկներով: Վախեցած մողեսը հեշտությամբ թողնում է իր պոչն ու փախչում: Դա թշնամիներից պաշտպանվելու յուրատեսակ միջոց է ավելի լավ է պոչդ կորցնես, բայց ինքդ փրկվես: Մինչ կտրված պոչն սկսում է գալարվել գետնին և իրեն գամում գիշատչի ուշադրությունը, պոչի տերն անհետանում է փրկարար բնում: Մի քանի շաբաթ անց հին պոչի տեղում աճում է նորը, թեև այնքան երկար:

Մողեսն ունի չորս թաթ, յուրաքանչյուրը կառչող ճիրաններով զինված հինգ մատ: Աչքերը բավականին խոշոր են և երիզված են կոպերով: Աչքերի ետևում ականջի անցքերն են: Մողեսը ոչ միայն լավ տեսնում է, այլև գերազանց լսում:

Ինչպես բոլոր սողունների, այնպես էլ մողեսների մարմնի ջերմաստիճանը կայուն չէ: Այն կախված է շրջապատող միջավայրի ջերմաստիճանից: Ահա թե ինչու են մողեսներն այնքան սիրում առավոտյան տաքանալ արևի տակ գիշերը նրանք սառչում են և դառնում դանդաղաշարժ:

Ձմռանը մողեսները մտնում են բների կամ ծառերի արմատների խորքը, քարանում, անկենդան տեսք ստանում: Բայց բավական է, որ գարնան արևը ջերմացնի հողը, նրանք իսկույն հայտնվում են և նորից սկսում մրջյուններ, թիթեռներ, բզեզներ և այլ միջատներ որսալ:

Մողեսների մեծամասնությունը հաստակեղև ձվեր է դնում, որոնցից հետո դուրս են գալիս փոքրիկ ձագեր: Բայց կան մողեսներ, որոնք ձվերը կրում են իրենց մարմնի ներսում և ձվադրում են այն պահին, երբ ձվից դուրս է գալիս ձագը: Դրա համար էլ նրանց անվանում են ձվակենդանածին մողեսներ:

Որքան ավելի հարավ է ընկած տարածքը, այնքան ավելի շատ ու բազմազան են մողեսները: Միջին Ասիայի անտառներում ապրում է ավելի քան մեկուկես մետր երկարություն ունեցող մոխրագույն վարանը: Էլ ավելի խոշոր է Արևելյան Ինդոնեզիայի կղզիներում ապրող հսկա կամ կոմոդյան վարանը նրա երկարությունը երեք մետրից ավելի է: Այդպիսի գիշատիչը կարող է հաղթել անգամ եղջերուին կամ վարազին:

Որոշ մողեսներ այնքան նման են օձի, որ նրանց հեշտությամբ շփոթում են օձի հետ և, բնականաբար, վախենում նրանցից: Սովետական Միության, այդ թվում նաև մեր հանրապետության անտառներում ապրում է փոքր, մինչև 60 սմ երկարությամբ, անոտ, պղնձափայլ իրանով, անվնաս մի մողես