Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոսկվան մշակույթի, գիտության և արվեստի համաշխարհային կենտրոն է: Այստեղ են գտնվում ԽՍՀՄ գիտությունների ակադեմիան, այլ ակադեմիաներ ու գիտական ինստիտուտներ, Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, տասնյակ բաձրագույն ուսումնական հաստատություններ, հարյուրավոր գրադարաններ: Մոսկվայում կա ավելի քան 60 թանգարան՝ Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական թանգարանը, Հեղափոխության թանգարանը, Տրետյակովյան պատկերասրահը և շատ ու շատ ուրիշներ:

Մայրաքաղաքում գործում են տասնյակ թատրոններ, բազմաթիվ ակումբներ, կինոթատրոններ: Մոսկվայի ռադիոն և հեռուստատեսությունը հաղորդումներ են տալիս ամբողջ Սովետական Միության համար:

Այսօր «Մոսկվա» և «կոմունիզմ» բառերը մեկտեղվել են:

Կուսակցությունը խնդիր է դրել Մոսկվան դարձնել օրինակելի կոմունիստական քաղաք:


Մովսես Խորենացի

Մոտ 410-մոտ 495

«Թեպետ մենք փոքր ածու ենք և շատ սահմանափակ թվով և շատ անգամ օտար թագավորության տակ նվաճված, բայց և այնպես մեր աշխարհում էլ քաջության շատ գործեր կան գործված, գրելու և հիշատակելու արժանի»:

Այս տողերը դուք կարող եք կարդալ Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքում:

Մովսես Խորենացին հայ ամենամեծ պատմիչն է: Ժողովուրդը նրան տվել է Քերթողահայր և Պատմահայր պատվանունները: Նրա ստեղծած գիրքը հայ ժողովրդի ծննդաբանության, վաղնջագույն շրջանի պատմության անզուգական վավերագիր է: Մովսես Խորենացին է, որ ցույց է տվել աշխարհին, թե որտեղից է գալիս հայ ժողովուրդը, ոտքը պատմության որ սանդուղքին է դրել, ովքեր են նրա «մանկության ընկեր» ժողովուրդները:

Շատ բան չի պահպանվել նրա կենսագրությունից:

Մովսես Խորենացին ծնվել է Տարոն գավառի Խորոնք (Խորնի) գյուղում՝ ժամանակի սովորության համաձայն ծննդավայրի անունից ստանալով Խորենացի մականունը: Նրա ուսուցիչներն են եղել հայոց կաթողիկոս Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցը: Կրթությունը շարունակել է Ալեքսանդրիա քաղաքում (Եգիպտոս), որը ժամանակի հունական մշակույթի նշանավոր կենտրոններից էր: Տունդարձի ճանապարհին եղել է Հռոմում ու Աթենքում: Հայաստան է վերադարձել մոտ 440 թ.:

450-451 թվականներին Հայաստանում ծավալված ազատագրական շարժման ժամանակ նա նշանակվել է Այրարատ նահանգի Բագրևանդ և Արշարունիք գավառների եպիսկոպոս: 470-ական թվականներին Սահակ Բագրատունի իշխանը Մովսես Խորենացուն պատվիրում է գրել Հայաստանի ամբողջական պատմությունը: Պատմիչը սիրով ձեռնամուխ է լինում այդ գործին, որովհետև դա նրա տարիներով փայփայած երազանքն էր:

Մովսես Խորենացին պրպտեց իրենից առաջ եղած գրավոր աղբյուրները՝ նախաքրիստոնեական շրջանում ստեղծված և հետագայում մեհենական կոչված մատյանները, նախորդ հայ պատմիչների՝ Ագաթանգեղոսի, Կորյունի, Փավստոս Բուզանդի և ուրիշների պատմական երկերը Այնուհետև նյութեր հավաքեց օտարազգի այն պատմիչների գործերից, ովքեր գրել էին