Jump to content

Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/261

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

են տերևներն ու շալակած տանում մըրջնանոց, կարծես հովանոցներով կամ դոշակներով մի ամբողջ շարասյուն է շարժվում: Մրջյունները տերևները չեն ուտում:

Նրանք ստորգետնյա սրահների խորքում այդ տերևների վրա աճեցնում են հատուկ սնկեր, ավելի ճիշտ սնկամարմին: Այս վերջինի վրա աճում են մականանման ցուպիկներ, որոնք հովանոցավոր մրջյունների սիրելի կերն են: «Այգեգործ» մրջյուններն այդ քմահաճ բույսի համար ստեղծում են ջերմության ու խոնավության նրան անհրաժեշտ պայմանները: Մարդկանց, օրինակ, դեռ երբեք չի հաջողվել լաբորատորիայում նման սնկամարմին աճեցնել:

Իսկ մեղրամրջյուններն ունեն կենդանի տակառիկներ: Կախվում է մեղրամրջյունը ստորգետնյա «մառանի» առաստաղից և այդպես էլ մնում կախված, իսկ մյուս մրջյունները քաղցր նեկտար են մատակարարում նրան, ասես լցնում են տակառի մեջ: Կախված մրջյունի փորիկը փուչիկի պես ուռչում է, դառնում թափանցիկ:

Երբ աշխատավոր մրջյունը քաղցածանում է, վազում է «մառան», բեղիկները հպում «տակառիկին», և սրա ծնոտների վրա հայտնվում է քաղցր հյութի կաթիլը:

Շատերն են մրջյունների կուտակ տեսել: Բայց քչերը գիտեն, որ դա մրջնանոցի վերնահարին է միայն: Նրա գլխավոր մասը գետնի խորքում է: Անձրևից առաջ մրջյունները փակում են մրջնանոցի բոլոր մուտքերն ու ելքերը, իսկ լավ եղանակին երբեմն տաքանալու են դուրս բերում իրենց սպիտակ «ձվերը»: Իրականում դրանք ձվեր չեն, այլ հարսնյակներ, որոնցից հասուն մրջյուններ են դուրս գալիս: Էգի կամ «թագուհու» ձվերից դուրս են գալիս կոր ու սպիտակ, որդանման թրթուրներ: Աշխատավոր մրջյունները նրանց կերակրում են սննդարար խյուսով, իսկ հետո թրթուրները կերպարանափոխվում են հարսնյակների: Հարսնյակը, որ գտնվում է բոժոժի մեջ, շատ նման է հասուն մրջյունի, միայն թե սպիտակ է ու անշարժ: Նայած թրթուրի ստացած սննդին հարսնյակից դուրս է գալիս կամ աշխատավոր մրջյուն՝ թերզարգացած էգ, կամ թևավոր արուներ ու էգեր: Թևավոր արուների կյանքը կարճատև է