Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չնայած պարտությանը, Հայաստանի բանվորների ու գյուղացիների Մայիսյան ապստամբությունը խարխլեց դաշնակցության տիրապետությունը: Դաշնակները դաժան հաշվեհարդար տեսան ապստամբության ղեկավարների հետ: Նրանք 1920 թ. օգոստոսի 14-ին, գիշերը, գազանաբար սպանեցին Ս. Ալավերդյանին, Ս. Մուսայելյանին ու Բ. Ղարիբջանյանին: Այդ աննկուն կոմունիստները մինչև վերջին շունչն էլ աներեր մնացին. «Ես, - ասաց Մուսայելյանը դաշնակ մաուզերիստներին, - մահից վախեցող չեմ, սպանեցեք ինձ հենց այստեղ, բայց դուք չեք կարող խափանել անխուսափելին, այն, որ Հայաստանն ազատ կլինի, և մեր գործը չի մեռնի»:

Նրա խոսքերն իրականացան 1920 թ. նոյեմբերին Հայաստանը դարձավ սովետական: Անմար է նրա համար զոհված հերոսների հիշատակը Ս. Մուսայելյանի անունով մեր հանրապետությունում կան գյուղեր փողոցներ, դպրոցներ:

Մուսորգսկի

Մոդեստ Պետրովիչ

Կոմպոզիտոր Մ. Պ. Մուսորգսկին իր մասին գրել է, որ ռուսական տոհմիկ ընտանիքի զավակ է: Նրա ժամանակներում ազնվականներն իրենց որդիներին տալիս էին յունկերական և գվարդիական դպրոցներ:

Այդպիսի դպրոց ուղարկեցին նաև տասներեքամյա Մոդեստին:

Մի անգամ դպրոցում համերգ էր կազմակերպվել: Սաները հիացմունքով էին ունկնդրում, թե նորեկն ինչպիսի վարպետությամբ է դաշնամուրով հանպատրաստից ստեղծագործում: Իսկ որոշ ժամանակ անց նա ընկերներին զարմացրեց մեկ այլ անակնկալով դպրոց բերեց նոր տպագրված մի բարակ նոտատետր: Այդ ստեղծագործությունը՝ «Ենթասպա» պոլկան, տասներեքամյա հեղինակը ձոնել էր իր «յունկերական դպրոցի ընկերներին»:

Գվարդիական ենթասպաների և հեծելազորային յունկերների դպրոցը Մուսորգսկին ավարտեց հաջողությամբ: Սկսվեց ծառայությունը. Իրար էին հաջորդում զինավարժությունները, զորահանդեսները, հերթապահությունները: Ազատ ժամերին զվարճանում էր, լինում պարահանդեսներում, մեկնում զբոսանքների: Թերևս, երկար շարունակվեր այդպես, եթե չլիներ հանդիպումը կոմպոզիտոր Ա. Ս. Դարգոմիժսկու հետ: Նրա տանը Մուսորգսկին առաջին անգամ լսեց Մ. Ի. Գլինկայի ստեղծագործությունները և զգաց, որ ուզում է սովորել, աշխատել, նվիրվել արվեստին: Շուտով նա ծանոթացավ հրաշալի երաժիշտ Մ. Ա. Բալակիրևի և «հզոր խմբակի»՝ ռուս առաջադեմ կոմպոզիտորների ստեղծագործական ընկերակցության մյուս ապագա անդամների՝ Ա. Պ. Բորոդինի, Ն. Ա. Ռիմսկի Կորսակովի, Ց. Ա. Կյուիի հետ: Այդ ծանոթությունները վճռական դեր խաղացին Մուսորգսկու հետագա ճակատագրում: Այժմ արդեն գլխավորը նրա կյանքում դառ