Էջ:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu/268

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իր «Նոյի ագռավը» վիպակում Մուրացանը խոր ցավով պատմում է, թե ինչպես է Վեդունց Վանին գնում քաղաք սովորելու և այլևս գյուղ չի վերադառնում, չնայած նրան էին սպասում ծնողները և նրա օգնության կարիքն ունեցող համագյուղացիները:

Մուրացանը գտնում էր, որ պետք է գյուղում լուսավորություն տարածել, դպրոցներ ու գրադարաններ բացել, կրթել մարդկանց, գյուղացիներին հաղորդակից դարձնել աշխարհի անցուդարձին: Ահա թե ինչու նա շատ էր սիրում իր «խորհրդավոր միանձնուհի» վիպակի հերոսուհի Աննային, որը թողնում է քաղաքը, գնում գյուղ և ողջ կյանքը նվիրում նրա լուսավորության գործին: Այդպիսին չէ «Առաքյալը» վիպակի հերոս Պետրոս Կամսարյանը, որը, թեև նույնպես գյուղ մեկնեց, բայց խորշեց գյուղական կյանքից, վախեցավ նրա դժվարություններից և վերջն էլ հեռացավ այնտեղից:

Մուրացանը գտնում էր, որ պետք է կարողանալ նվիրվել իր գործին, աշխատել ժողովրդի բարօրության համար և որ միայն այդ դեպքում կարելի է հաջողության հասնել: Նա պատմությունից վերցնում էր այնպիսի դեպքեր և ստեղծում այնպիսի երկեր, որոնց հերոսներն իրենց անձը զոհում են հանուն ժողովրդի փրկության: «Ռուզան» պատմական դրամայի հերոսուհին գերադասում է մեռնել, քան թույլ տալ, որ իր պատճառով օտար նվաճողները կոտորեն հազարավոր հայերի: Անձնվեր հայրենասիրությամբ է տոգորված Մուրացանի գլուխգործոցը՝ «Գևորգ Մարզպետունի» վեպը: Գևորգ Մարզպետունին իր մի խումբ քաջերով կռվում է արաբական բանակի դեմ և հաղթում: Վեպի մյուս գլխավոր հերոսները՝ Աշոտ Երկաթը, Մահակ Սևադան, Ցլիկ Ամրամը, նույնպես քաջ և հայրենասեր մարդիկ են, բայց չեն կարողանում մոռանալ իրենց անձնականը, կռվում են իրար դեմ, վնասում հայրենիքին:

Հայրենասեր գրողը միասնության ու համախմբվածության կոչ էր անում, և ինքն էլ ամբողջ ստեղծագործությամբ ծառայեց այդ մեծ նպատակին