Հայկական նվագարաններ
Փարիզի համերգասրահներից մեկում միջազգային երաժշտական համաժողով է: Ելույթ են ունենում տարբեր երկրներից եկած երաժիշտներ և ներկայացնում իրենց ազգային երգն ու նվագը։ Ահա բեմ է ելնում Կոմիտասը, գրպանից հանում արտաքուստ ոչնչով աչքի չընկնող մի փոքրիկ նվագարան և, մոտեցնելով շուրթերին, սկսում նվագել: Եվ դահլիճն աստիճանաբար լցվում է հեռավոր Հայաստանի՝ ներկաներին մինչ այդ անհայտ հրաշալի գույներով ու ձայներով։ Պարզ ու համեստ այդ նվագարանը հայկական սրինգն էր։
Մեծ է ազգային նվագարանների դերը ժողովուրդների երաժշտական մշակույթի ասպարեզում։ Ամեն մի ժողովուրդ ստեղծել է իր ինքնատիպ նվագարանները։ Աստիճանաբար, հարևան ժողովուրդների մշակույթների փոխներգործության հետևանքով, մի ժողովրդի նվագարաններն անցել են մյուսին, և դրա համար էլ հաճախ միևնույն նվագարանը կամ նրա տարատեսակը հանդիպում է տարբեր ժողովուրդների մոտ։
Բազմաթիվ պեղումներից հայտնաբերված նյութերը, ժայռերի, տապանաքարերի վրայի քանդականախշերը, միջնադարյան մանրանկարները, ինչպես նաև պատմիչների վկայությունները ցույց են տալիս, որ դեռևս հին Հայաստանում օգտագործվել են բազմաթիվ ու բազմատեսակ նվագարաններ։ Գառնիում կատարած պեղումների ժամանակ հայտնաբերվել է ոսկորից պատրաստված մի սրինգ, որը վերագրվում է մեր թվականությունից առաջ 2-րդ հազարամյակին։
Գոյություն ունեն նվագարանների երեք հիմնական տեսակներ՝ փողային, լարային և հարվածային։ Հայկական ժողովրդական փողային նվագարաններից են՝ եղջերափողը, սրինգն ու շվին, սուսուկն ու փեփուկը, թութակը, բազմափող սրինգն ու բլուլը, պարկապզուկն ու պկուն, դուդուկն ու զուռնան։ Այս նվագարանները պատրաստվում են փայտից, եղեգնից, կենդանիների կաշվից, ոսկորներից ու եղջյուրներից և գործածվում են տարբեր նպատակներով ու առիթներով։ Այսպես, հնում եղջերափողը գործածվել է որսի, նավագնացության, պատերազմների ժամանակ։ Սրինգն ու բլուլը հովվական գործիքներ են։ Մինչև հիմա էլ դրանց կարելի է հանդիպել լեռնային շրջանների գյուղերում։ Սրինգով ու բլուլով կատարվող քնարական հարուստ մեղեդիներն ուղեկցել են ոչխարի հոտը, նրանց կախարդական մեղմ հնչյուններով հովիվն իր շուրջն է հավաքել ցրիվ եկած անասուններին, ազդարարել տագնապ, ահազանգել գայլերի մոտալուտ հարձակումը և այլն: Սրինգի ու բլուլի միջոցով հովիվն արտահայտել